Բաժիններ՝

Քըլըչդարօղլուն հեգնել է Էրդողանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով Էրդողանին ոչ սկզբունքայնության մեջ։

Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում նման գրառում է կատարել Թուրքիա-ԱՄԷ լարված հարաբերությունների ֆոնին Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցից հետո։ Այցի շրջանակում նա առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ։ Երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր են ստորագրվել, որոնց համաձայն՝ Թուրքիայում 10 տարբեր ոլորտներում ներդրումներ են արվելու։

Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի աջակցությունից հետո։ Տրածաշրջանում ազդեցության համար երկու երկրների պայքարը սրվել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄԷ-ն Եգիպտոսի հետ միասին Լիբիայում աջակցել է գեներալ Հալիֆե Հաֆթարին, իսկ Թուրքիան՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքիան ԱՄԷ-ին քննադատել է Եմենի հարցում ունեցած դիրքորոշման և Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Երկկողմ լարվածության պատճառ է նաև այն, որ ԱՄԷ-ում է գտնվում Թուրքիայում կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար ճանաչված Սեդաթ Փեքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս