«Ո՞վ է սահմանի մասին մտածում՝ ոչ ոք․ սրանք միայն իրենց պարգևավճարի, մեքենաների, ույուտի մասին են մտածում․․․ սրանց թալանածը լումա առ լումա ենք հետ բերելու». Սերոբ Գասպարյան

Նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունի գերավարված, անհետ կորած ու զոհված զինվորներ։ Ռազմական այս ագրեսիային հետևել էին թշնամու սադրանքները Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ։

«Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանում ներկայիս իշխանություններն են, ապա ամեն ինչ էլ սպասելի է։

«Սպասելի է անգամ, որ թշնամին կարող է մաքսակետեր դնել նաև Երևանում։ Սրանք ասում են՝ ապագա կա, բայց այն խավար է, մենք սրանց հետ ապագա չունենք, որովհետև սրանք ոչ ծրագիր ունեն, ոչ տեսլական։ Թուրքերը դարերով երազել են տիրանալ մեր տարածքներին, բնաջնջել հայի գենը, իսկ սրանք դրան նպաստում են։ Բարդ է իրավիճակը, իսկ ժողովուրդն էլ քնած է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Գասպարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ միավորվելու և պայքարելու իր կոչերին մարդիկ արձագանքում են, հիմնականում՝ սփյուռքից։

«Արձագանքում են հայու գենը կրող, զինվորագրվող տղաները, բոլորն ուզում են միանալ «Սև հովազին», որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Սյունիքում «Սև հովազը» ցույց տվեց, որ հավատարիմ է իր անունին ու հրամանատարին և թուրքին լավ դաս տվեց։ Փառք Աստծո, իմ կոչերին արձագանքում են, բայց շատ դանդաղ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200.000 դոլար արժողության ծառայողական մեքենա գնելուն և այդ համատեքստում հայկական դիրքերի ընդհանուր վիճակին, Սերոբ Գասպարյանը նկատեց՝ «անբարոյականների մասին բարոյականության մասին խոսելն անհարմար է»։

«Ես եմ այդ դիրքերից  եկել, այստեղից ու այնտեղից ինչ-որ բաներ եմ հայթայթում, վրաններ և այլն, ու հասցնում եմ իմ տղերքին։ Ո՞վ է սահմանի մասին մտածում՝ ոչ ոք, սրանք միայն իրենց պարգևավճարի, մեքենաների, ույուտի մասին են մտածում։ Մարդիկ, որոնք ապառիկով հեռուստացույց էին գնում, պաշտոնավարումից հետո միլիոնանոց տներ ու մեքենաներ են ձեռք բերել։ Հիմար չենք, ամեն ինչ տեսնում ենք։ Մարդամեկը ժամանակին ասում էր՝ կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, հիմա ես եմ ասում՝ կգա ժամանակը ու այդ ժամանակը մոտ է, որ սրանց թալանածը լումա առ լումա ենք հետ բերելու»,- հավելեց նա։

Հարցին՝ նոյեմբերի 16-ին ինչպե՞ս են «Սև հովազին» թույլատրել դիրքեր բարձրանալ, քանի որ շատերին ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ-ն արգելել են դիրքեր բարձրանալ, Սերոբ Գասպարյանը պատասխանեց, որ 1990-ական պատերազմից հետո «Սև ջոկատը» մշտապես ունեցել է պայմանագրային ծառայողներ։

«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մենք նորից հավաքագրել ենք պայմանագրային ծառայողներ «Սև հովազ» ջոկատում, որը գործում է  Պաշտպանության նախարարության ներքո։ Հենց այդ ջոկատն էլ իր խոսքն ասեց վերջին գործողությունների ժամանակ, բարձրացավ Նորավանքի վերևը և ջախջախիչ հարված տվեց թուրքին։ Խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, Սերոբ Գասպարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երբեք հայանպաստ քայլ ու փաստաթուղթ չի ստորագրել, հետևաբար՝ այսօր էլ պետք չէ սպասել, որևէ հայանպաստ քայլի ու փաստաթղթի։

Տեսանյութեր

Լրահոս