Փաստաբանի արտահայտություններն անթույլատրելի են

«Փաստաբանը թույլ է տվել շատ սխալ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եթե, իհարկե, կայքը չի աղավաղել նրա ասածը»,- ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ «Փաստինֆո» գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կարապետ Գալստյանի հայտարարությունը:

Նշենք, որ Aysor.am-ի փոխանցմամբ, Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կ. Գալստյանը հայտարարել է, թե Սուրենյանցն իրեն խաբել է և ինքն իրավունք չունի պաշտպանելու խաբեբայի շահերը:

«Ս.Սուրենյանցն ինքն է ինձ զանգել, ասել, որ հիվանդ պառկած է, և չի ներկայանա դատական նիստին, նաև ինձ խնդրել է չներկայանալ դատարան: Նա խոստացավ, որ դատարան կներկայացնի բժշկից իր առողջության մասին տեղեկանք: Նա ինձ խաբել է, քանի որ մեր միջև դեռևս պայմանագիր չի կնքվել:

Նրա և Գ.Ղասաբյանի միջև տարաձայնությունը իրենց փոխադարձ համաձայնությամբ լուծվել է արդեն, մնում է, որ նա պարտաճանաչ դատարան ներկայանա: Եթե հաջորդ դատական նիստին էլ նա չներկայանա, ես պարտավոր կլինեմ հրաժարվել նրա պաշտպանությունից, որովհետև իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը», – նշված է Aysor.am-ի՝ «Սուրեն Սուրենյանցի պաշտպան. ես իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը» վերտառությամբ հոդվածում:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀ փաստաբանների պալատի էթիկայի հանձնաժողովում փաստաբանի հարցը չի՞ քննարկվելու` նկատի ունենալով, որ նա իր պաշտպանյալի շահերին հակասող հայտարարություններ է արել, Ռ. Սահակյանը նշել է. «Ես գնահատական չեմ տա` մինչև չխոսեմ փաստաբանի հետ»:

Կայքի հետ զրույցում Ս. Սուրենյանցը զարմացել է, երբ նրան վերոնշյալ տեղեկատվությունից մի հատված են կարդացել, հետաքրքրվել է, թե որտեղի՞ց ենք այդ մեջբերումը կատարում: Նաև նշել է, թե փաստաբանը նման բան չի ասել, վերջինս իր հետ խոսել է, և կայքը սխալ է գրել:

«Մենք ընկերներ ենք, այդպիսի բան ո՞նց կարող է ասել… Կարապետ Գալստյանը նման բան չի ասել, հիմարություն է դա, ընդամենն ասել է` այս պահին պայմանագիր չունենք, պետք է այսօր կնքենք»,- ասել է Ս. Սուրենյանցը:

Փաստաբանի Կ. Գալստյանի հետ կապ հաստատել չի հաջողվել: Ս. Սուրենյանցն ասել է, որ իր փաստաբանը չի ցանկանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվել, իսկ իր հետ զրույցում Կարապետ Գալստյանը պնդել է, որ նման արտահայտություն չի արել, և եթե խոսակցության մեջ նույնիսկ «խաբեբա» բառն է օգտագործել, ապա այն հաստատ իր պաշտպանյալին չի հասցեագրել:

Տեսանյութեր

Լրահոս