ՆԱՏՕ-ն դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ է անցկացնում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի շուրջ. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն դաշնակիցների հետ մշտական կոնսուլտացիաներ է անցկացնում Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին ստեղծված իրադրության շուրջ: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Բեռլինում տեղի ունեցած «ՆԱՏՕ Talk 2021» խորհրդաժողովում:
«Մենք խորապես անհանգստացած ենք սահմանին ստեղծված այս իրադրությամբ: Ես խոսել եմ Լեհաստանի նախագահի հետ, մենք այդ հարցը քանիցս քննարկել ենք դաշինքում, Լեհաստանը մեզ իրազեկ է դարձնում իրադրությանը: ՆԱՏՕ-ում մշտական կոնսուլտացիաներ են անցկացվում այդ հարցի շուրջ»,-ասել է նա: Տարեսկզբից լեհ սահմանապահները գրանցել են լեհ-բելառուսական սահմանն անօրինականորեն հատելու ավելի քան 34 հազար փորձ, որոնցից 6 հազարը՝ նոյեմբերին, մոտավորապես 17,3 հազարը՝ հոկտեմբերին, գրեթե 7,7 հազարը՝ սեպտեմբերին եւ ավելի քան 3,5 հազարը՝ օգոստոսին:
Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին վերջին մի քանի շաբաթներին կուտակվել են մի քանի հազար միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում: Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանությունը, կենտրոնացրել են զինվորականների եւ խափանում են անօրինական միգրանտների՝ երկրի տարածք թափանցելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ: Բելառուսն այդ բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնությամբ վտարում է միգրանտներին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: