«Մեր իշխանությունների բուռն ջանքերով գեներալին բերեցին-հասցրին այս օրին». Նազիկ Ամիրյան
«Իր այդքան վատ առողջական վիճակով գեներալը պատերազմը սկսելուց անմիջապես հետո չմնաց Հայաստանում, մեկնեց Արցախի Հանրապետություն. բավականին դժվարությամբ, իհարկե, իշխանությունները բաց թողեցին, բայց մեկնեց: Ցավոք սրտի, այնտեղ հիվանդացավ և հոկտեմբերի 21-ին շատ ծանր վիճակով տեղափոխվեց Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում հիշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրա շիրմին այցի էին եկել հարազատներն ու ընկերները:
Նազիկ Ամիրյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանների ահազանգերն անտեսելու իշխանությունների որդեգրած պահվածքին՝ շեշտելով.
«Մեր իշխանությունների բուռն ջանքերով և դրածոներով, դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին բերին-հասցրեցին այս օրվան: Այսինքն՝ ծայրահեղ ծանր վիճակում, երբ գեներալն ամբողջովին գտնվում էր արհեստական շնչառության սարքերի օժանդակության ներքո, նույնիսկ դատավորը դատական նիստ չարեց, որպեսզի թույլտվություն տա արտերկիր տեղափոխելու»:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանի այրին հավատացած է՝ արդարության ականատես կլինեն, սակայն ոչ այս իշխանության օրոք:
Հիշեցնենք՝ 168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել էր, որ թեև մահվանից հետո գեներալ-լեյտենանտի գործը ենթակա էր կարճման, սակայն պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի նիստերը շարունակվեն՝ արդարացման հիմքով։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին: Նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, և փաստաբաններն ահազանգել էին գեներալի մի շարք հիվանդությունների մասին, նշել, որ անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում: Այս հարցով փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները մերժվել էին: 2020 թվականի նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացել էր հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև՝ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):