«Հանրության բերանը գցեցին, թե այս «տուշոնկաները» Մանվել Գրիգորյանի տանից են բերել, ինչը ստոր սուտ է․ այդ ապրանքը հանել են ԵԿՄ պահեստներից». Փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով ակտիվ դատական գործընթացը շարունակվում է։ Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Այս պահին մենք գտնվում ենք վկաների ակտիվ հարցաքննության փուլում։ Վկաները, որոնք ցուցմունք են տալիս յուրացման գործով՝ հայտնի «տուշոնկայի» հետ կապված, նրանց ցուցմունքներում որևէ աղերս չկա յուրացման հետ, կամ որից տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանը։ Ավելին, որպես իրավապաշտպան՝ արձանագրում եմ, որ մեղադրել անձին յուրացման մեջ, որի պատասխանատուն անգամ իրավական հարթության վրա վերջինս չի եղել, նկատի ունեմ այդ օգնությունները, մեղմ ասած, աբսուրդի ժանրից են։ Ինչպես քրեական գործում, այնպես էլ ԵԿՄ-ի կանոնադրությունում հստակ արձանագրված է այն իրավանորմը, թե ում վրա են դրվում այդ կարգի գործառույթները»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Ըստ փաստաբանի, Մանվել Գրիգորյանի մահվանից հետո նրա գործը ենթակա էր կարճման, սակայն պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի նիստերը շարունակվեն՝ արդարացման հիմքով։ Ըստ այդմ էլ՝ երկու շաբաթը մեկ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ընթանում են դատական նիստերը։

«Հանրության բերանը գցեցին, թե այս «տուշոնկաները», օգնությունը Մանվել Գրիգորյանի տանից են բերել, ինչը ստոր սուտ է, որովհետև այդ ապրանքը հանել են ԵԿՄ պահեստներից, ավելին՝ որոշակի մասն էլ բերված է եղել Արցախի Մարտունի բնակավայրից, որտեղ էլ եղել է ԵԿՄ-ի համապատասխան պահեստը։ Մենք դատական նիստերը շարունակում ենք՝ լիահույս լինելով, որ այս ամենին դատարանը կտա օբյեկտիվ գնահատական»,- հավելեց Լևոն Բաղդասարյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մինչև օրս կալանք է դրված ոչ միայն Մանվել Գրիգորյանի ունեցվածքի, այլև նրա բոլոր մերձավորների, նրա հետ ուղղակի կամ անուղղակի շաղկապված անձանց ունեցվածքի վրա։

«Նշեմ նաև, ՄԻԵԴ-ում գործ է քննվում Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի և խոշտանգման փաստի վերաբերյալ։ Մենք գույքի արգելանքի հետ կապված ևս ՄԻԵԴ-ին իրազեկել ենք, որի իրավական գնահատականը, կարծում եմ՝ ապագայում կտա»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, առողջական վիճակն ավելի էր վատթարացել՝ Արցախը հանձնելու լուրն իմանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին նա մահացել է հիվանդանոցում:

Հիշեցնենք նաև՝ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):

Տեսանյութեր

Լրահոս