Կառավարության փոխարեն պետություն բառն օգտագործելու համար Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց Գնել Սանոսյանին
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին ասաց, որ ներկայացնի Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպլանավորված աշխատանք է, և որը իրենք անում են։
«Խնդրում եմ, տեղեկատվություն տվեք, թե ինչ ընթացքի մեջ է Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, և մենք պարբերաբար սոցիալական ցանցերում և մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Իհարկե, դրան անդրադարձել ենք, բայց խնդրում եմ, ևս մեկ անգամ անդրադարձեք՝ մենք ունե՞նք գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ, թե՞ չունենք։ Եվ, ի վերջո, եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցիալական ցանցերում»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։
Մինչ հարցին անդրադառնալը, Գնել Սանոսյանն ասաց, որ անընդհատ խոսում են սուբվենցիոն ծրագրերից և բավականին հաջողված ծրագրեր են։
«2018-2020 թվականներին ընդհանուր առմամբ իրականացվել է 92 մլրդ դրամի ծրագրեր, որոնցից 47 միլիարդը պետության մասնաբաժինն է, իսկ 45-ը՝ համայնքների մասնաբաժինը»,- նշեց Գնել Սանոսյանը։
Սակայն նրա խոսքն ընդհատեց Նիկոլ Փաշինյանը և դիտողություն արեց՝ ասելով. «Ճիշտ կլինի ասել՝ կառավարության և համայնքների, որովհետև մամուլով էլ է անընդհատ գրվում պետության և համայնքների, համայնքը, իհարկե, պետությունից դուրս չէ՝ կառավարության և համայնքների»։
Գնել Սանոսյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընգծելով, որ նրա դիտողությունը տեղին է, այնուհետև նույն միտքը վերաշարադրելով նշեց՝ կառավարության և համայնքների։