«Ելքը 18-80 տարեկաններին զինելն է․․․ Եկել են մեր հողում մեզ կոտորում են, ինչ անենք, պետք է պայքարենք». Խոզնավարի գյուղապետ
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում թշնամու ռազմական ագրեսիայի արդյունքում մի շարք գյուղերում լսվել են կրակոցների ձայներ։
168.am–ի հետ զրույցում Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ գյուղում կրակոցների ձայները լսվում էին։
«Ռազմական գործողությունները տեղի են ունեցել Իշխանասարի հետևի հատվածում, մենք կրակոցի ձայներ լսել ենք։ Ես չգիտեմ՝ ինչ ասեմ տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ, այլևս ասելիք չի մնացել։ Նման ռազմական ագրեսիայի ես չէի սպասում, մենք սպասում էինք, որ Իշխանասարի տակից պետք է թշնամուն քշեն»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Ըստ նրա, որքան էլ Խոզնավարը հեռու լինի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից ու Կապան-Ճակատեն հատվածից, որտեղ թշնամին արդեն մաքսակետեր է դրել, միևնույն է՝ մարդիկ բախվում են մեծ խնդիրների, Կապան ու Գորիս են գնում, բարեկամներ ունեն այնտեղ։
«Հիմա պետք է Տաթևի ճանապարհով գնան, բայց որ ձյուն եկավ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է անելու։ Տրամադրություն չի մնացել, բոլորս էլ նույն տրամադրությունն ունենք, ինչ ամբողջ երկրում ունեն։ Անորոշ վիճակում ենք ապրում, կարևորը՝ մարդիկ մարտական են տրամադրված և խուճապի չեն մատնվում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը 18-80 տարեկաններին զինելն է՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն, ես այլ ճանապարհ չգիտեմ։ Եկել են մեր հողում մեզ կոտորում են, ի՞նչ անենք, պետք է պայքարենք»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի արդյունքում հայկական կողմն ունի գերեվարված, անհետ կորած և զոհված զինվորներ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։