Կարեն Անդրեասյանի թիրախում հիմա էլ Վազգեն Ռշտունին է

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ոչ մի կերպ չի հանգստանում: Մարդն իր առջև նպատակ է դրել՝ հասնել ու անցնել իր նախորդին՝ Ռուստամ Բադասյանին, և անշեղորեն ընթանում է դրան հասնելու ուղղությամբ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի համար դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու միջոցով նրանց պատժելը կպչուն միտք է դարձել, և վերջինս ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դրանից: Ոչ միայն դատական համակարգում, այլև իշխանամերձ շրջանակներում շատերն են հասկանում, որ այդ իդեա-ֆիքսում կան անձնական դրդապատճառներ:

Միգուցե մասնագիտությամբ իրավաբան, բայց Նիկոլ Փաշինյանի դիմանկարը պետության խորհրդանիշ համարող ու իր աշխատասենյակում կախած Կարեն Անդրեասյանը մի հատ էլ նույն նկարից տանը մահճակալի գլխավերևում կախի, որ ավելի ազնիվ ու անաչառ լինի, քանի որ ըստ իրեն՝ հենց վերջինիս նկարն է իրեն հիշեցնում այդ մասին:

Եվ միգուցե այդ ժամանակ պայծառացում ունենա ու ինքն իրեն հարց տա՝ այդ ինչպե՞ս է լինում, որ կարգապահական վարույթներ հարուցվում են միայն այն դատավորների նկատմամբ, ովքեր կուրորեն չեն ենթարկվում իշխանություններին, պատվեր չեն կատարում, ավելին, դա էլ քիչ է, դեռ մի բան էլ՝ հայրենասեր են ու պետության ճակատագրով մտահոգ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Սեպտեմբերի 4-ին Հանրային հեռւստաընկերության եթերում աղմկահարույց հայտարարություններ կատարած արդարադատության նախարարը հաջորդիվ դրանք զարգացրեց նաև այլ առիթներով, մասնավորապես, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե նախկին նախարար Ռուստամ Բադասյանը բազմաթիվ կարգապահական վարույթներ էր հարուցում դատավորների նկատմամբ, Կարեն Անդրեասյանն ասաց՝ ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու:

«Շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ: Եվ դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցների, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցենք»,- հպարտորեն ասաց արդարադատության նախարարը:

Վերջերս էլ հերթական քննարկումն էր կազմակերպել վեթինգի թեմայով:

Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը հիմա էլ կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ ինչ-որ գործի քննության ձգձգման պատրվակով:

Սա արդեն անգամ զավեշտալի չէ, որովհետև անկախ նրանից՝ կունենա՞ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Վազգեն Ռշտունին ներկայացուցիչ, թե՞ ոչ, նա կկարողանա պատշաճ կերպով ներկայանալ ու պաշտպանել իր՝ որպես դատավորի շահերը:

Այստեղ մտածելու բան իրականում արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու նրա հետ նիստերին մասնակցող նախարարության ևս մեկ ներկայացուցիչն ունեն, քանի որ, ինչպես Ալեքսանդր Ազարյանի, Արման Հովհաննիսյանի, Զարուհի Նախշքարյանի, Սերգեյ Մարաբյանի, Դավիթ Գրիգորյանի կարգապահական վարույթների քննության ընթացքում, երբ վերջիններս, մեղմ ասած, մասնագիտական կրթության վարպետաց դասեր էին անցկացնում Արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար, այս դեպքում ևս վստահաբար պատմությունը կրկնվելու է:

Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթներին չի ներկայանում. մնում է՝ իր ենթակաները նրանց հարցնեն, թե ինչո՞ւ է նախարարն իրենց «փուռը տալիս» ու դարձնում ծիծաղի առարկա:

Տեսանյութեր

Լրահոս