ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը բոլոր ամերիկացիներին հորդորել է լքել Եթովպիան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Եթովպիայում գտնվող բոլոր ամերիկացիներին նախազգուշացրել է անհապաղ երկիրը լքելու անհրաժեշտության մասին, որպեսզի իրենց չենթարկեն ծուղակում հայտնվելու ռիսկի, եթե քաղաքացիական պատերազմը տարածվի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Այդ մասին հաղորդել է Axion պորտելը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսին:
Նրա խոսքով՝ եթե մարտական գործողությունները հասնեն Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա, ապա ամերիկյան անձնագրերի տերերը չարժե, որ տարհանման սպասեն, ինչը նման կլինի Քաբուլից մարդկանց դուրսբերմանը: Փրայսը նշել է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից պայմանավորված էր «բացառիկ եւ արտակարգ իրադրությամբ»: «Այժմ Ադիս Աբեբայում հանգիստ է, եւ հանգիստ է այն ժամանակվանից, երբ հակամարտությունը (Եթովպիայում) սկսել է տարածվել»,-ասել է Փրայսը:
Նրա խոսքով՝ ամեն օր Եթովպիայից ավիաչվերթներ են լինում, եւ ամերիկացիները, որոնք ավիատոմսեր ձեռք բերելու միջոցներ չունեն, կարող են օգնության համար դիմել Ադիս Աբեբայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Եթովպիայի մայրաքաղաքում ապրում են ամերիկյան անձնագրեր ունեցող զգալի քանակությամբ մարդիկ, որոնց մեծամասնությունը երկքաղաքացիություն ունի, նշվում է հաղորդագրության մեջ:
Եթովպիայի կառավարությունն ավելի վաղ երկրի տարածքում արտակարգ դրություն էր հայտարարել Տիգրայի տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով: Մասնավորապես Ադիս Աբեբայի իշխանությունները քաղաքաբնակներին հայտարարել են՝ գրանցել իրենց տնօրինության ներքո գտնվող զենքը եւ պատրաստ լինել մայրաքաղաքի պաշտպանությանը:
Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատը (ՏԱԺՃ), որը Եթովպիայում կառավարող դիրքեր ուներ 1991-ից մինչեւ 2018 թվականներին, ընդդիմություն է դարձել ներկայիս վարչապետի իշխանության գալուց հետո: ՏԱԺՃ-ն դաշնային իշխանություններից պահանջել է չմիջամտել տարածաշրջանի գործերին եւ 2020 թվականի սեպտեմբերին ընտրություններ է անցկացրել իշխանության տեղական մարմիններում:
Եթովպիայի կառավարությունը դրանք հայտարարել է անօրինական: 2020 թվականի նոյեմբերից տարածաշրջանում հակամարտություն է բորբոքվել: ՏԱԺՃ-ի բազմաթիվ անդամներ այնուհետեւ միացել են նոր ռազմական կառույցին՝ «Տիգրայի պաշտպանության ուժերին»: Երկրում ստեղծված իրադրության ֆոնին ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան եւ մի քանի այլ երկրներ մեծ կարեւորության չունեցող գործառույթներ կատարող իրենց դիվանագետներին ու նրանից ընտանիքի անդամներին հրահանգել են հեռանալ Եթովպիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: