Վրաստանում ստորագրահավաք է կազմակերպվել ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Այն կազմակերպել է «Հայրենասերներ» շարժումը, ով այդ նպատակով Facebook-ում բացել է հատուկ էջ:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Սահմանադրության համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում պետք է մնա մինչև 2013 թվականի հոկտեմբեր.
«Սաակաշվիլիի լեգիտիմությունը կասկածի տակ դնելը հակապետական և հակասահմանադրական է, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է բնակչության այն զգալի հատվածի հանդեպ, որը Միխեիլ Սաակաշիլիին ընտրել է երկրի նախագահ:
Մենք կարծում ենք, որ այն անձինք, ովքեր պահանջում են նախագահի հրաժարականը, ուղիղ վնաս են պատճառում Վրաստանի պետականությանը և ոտնահարում են Սահմանադրությունը: Ելնելով դրանից՝ մենք սկսել ենք ստորագրություններ հավաքել այն անձանցից, որոնց համար օրենքն ու Սահմանադրությունը վեր են ամեն ինչից»:
Նշվում է, որ ստորագրահավաքն ավարտվելու է հունվարի 20-ին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ողջ Վրաստանում ստորագրահավաք էր անցկացվում՝ հունվարին Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով: Այդ ակցիայի կազմակերպիչները մտադիր էին հավաքել 500.000 ստորագրություն և այն ներկայացնել երկրի խորհրդարանին:
Նրանք ընդգծում են, որ Սաակաշվիլին պետք է հրաժարական տա այս տարվա հունվարի 20-ին, քանի Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվել է դրանից ուղիղ 5 տարի առաջ: Սակայն Սաակաշվիլին սրանից առաջ սահմանադրական ուղղումներ է կատարել, ըստ որոնց՝ Վրաստանում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեն հոկտեմբերին: