Բաժիններ՝

C-400-ի առաջին մեծ խումբը Հնդկաստան կմատակարարվի մինչև տարեվերջ

Հակաօդային պաշտպանության C-400 զենիթահրթիռային համակարգի առաջին մեծ խումբը Հնդկաստան կմատակարարվի մինչեւ 2021 թվականի վերջը՝ առաջ անցնելով գրաֆիկից: Այդ մասին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտնել է նոյեմբերի 15-ին Դուբայում բացված զենքի ցուցահանդեսում:

Նախօրյակին Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ մինչեւ այս տարվա վերջը Հնդկաստան կհասնի C-400-ի առաջին մեծ խումբը:

«C-400-ի առաջին մեծ համակազմը Հնդկաստան կմատակարարվի 2021 թվականի վերջին»,-ասել է Միխեեւը:

Նրա խոսքով՝ մատակարարումներն իրականացվում են պարտավորագրի պայմաններին համապատասխան: «Բեռնառաքումն սկսվել է՝ առաջ անցնելով գրաֆիկից»,-ասել է«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ հնդիկ մասնագետները, որոնք շահագործելու են առաջին խումբը, ավարտել են ուսուցումը եւ մեկնել հայրենիք:

«Նոր տարուց անմիջապես հետո մեր մասնագետները կժամանեն Հնդկաստան՝ տեխնիկան դրա տեղաբաշխման վայրեր հանձնելու համար»,-նշել է նա: Ռուսաստանը Հնդկաստանի հետ 2018 թվականին կնքել է 5,4 միլիարդ դոլար գումարի C-400-ի հինգ մեծ խումբ այդ երկիր մատակարարելու պարտավորագիր:

«Տրիումֆ» C-400-ը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-21 Growler) նոր սերնդի մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է: Նախատեսված է ռադիոէլեկտրոնային եւ հակազդման մյուս տեսակների պայմաններում ռազմավարական եւ տակտիկական օդուժի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս