Բաժիններ՝

Կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կհայտնվեն, որոնք Տիրոջ անունով մարդկանց կմոլորեցնեն…

Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին: Ահա դրանցից մի քանիսը`

? Ավետարանը պիտի քարոզվի բոլոր ազգերին. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24. 14):

? Կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կհայտնվեն, որոնք Տիրոջ անունով մարդկանց կմոլորեցնեն, մեծամեծ հրաշքներ ու զարմանալի գործեր կկատարեն (տե´ս Մատթ. 24. 5, 24-27, Մարկ. 13. 5-7, 21-22, Ղուկ. 21. 8):

?Նեռը` հակաքրիստոսը պիտի աշխարհ գա:

? Չարի իշխանությունը պիտի տարածվի. «Եվ անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24. 12): Իսկ Ս. Պողոսը հավելում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3. 1-5): Այս ամենով հանդերձ, «երբ Մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18. 8):

? Ս. Գիրքը հավելում է նաև. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք: Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. 24. 4-10):

Սա էլ ամենը չէ, քանզի «արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով: Եվ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից` երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթ. 24. 29-31): Եկեղեցու հայրերն ավետարանական այս հատվածի «Մարդու Որդու նշան» արտահայտության ներքո հասկացել են փրկարար Խաչը:

? Երկրորդ գալուստը լինելու է հանկարծակի. «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այնպես կլինի» (Մատթ. 24. 27), «Ինչպես ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց բոլորին, – այնպես պիտի լինի Մարդու Որդու գալուստն էլ» (Մատթ. 24. 38-39):

Շարունակելի․․․

Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս