Սովետական ժամանակ նույն այդ ճանապարհներով գնում էին. Լարիսա Ալավերդյան
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ընթացքում հնչեցրած ելույթում Նիկոլ Փաշինյանը նախ «բողոքել էր», թե իրենց մեղադրում են Սյունիքը մաս-մաս հանձնելու մեջ, ապա հակադարձել. «Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։
Էս է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում մինչև 100 երեխա ունեցող աշակերտների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ մինչև 10, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Մենք Կառավարությունում խոսում էինք, որ Սյունիքի միայն մեկ համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամ հատկացում է անելու, ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել»:
Ասել է թե՝ մանկապարտեզների հասանելիությունն առավել կարևոր է սեփական երկրի տարածքով սեփական ճանապարհի հասանելիությունից:
Հիշեցնենք՝ նույն օրը առավոտյան կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը հայ հանրությանը տեղեկացրել էր Ադրբեջանից ստացած ոչ պաշտոնական ծանուցման մասին. Ադրբեջանը նոյեմբերի լույս 11-ի գիշերը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրելու և մաքսային, անձնագրային հսկողություն է իրականացնելու նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ։ «Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Հալիձոր-Տաթև-Շինուհայր Մ-2 ճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»,- Կառավարության անդամներին և հանրությանը տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ այս հսկողությունը ոչ միայն ոտնահարում է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այլև իրականում շրջափակման նոր օրինակ է:
«Մեզ անընդհատ թմբկահարում են, որ տեղի է ունենալու ապաշրջափակում, այնինչ դա նոր ձևի շրջափակում է, և այստեղ է, որ այդ քաղաքական ղեկավարությունը՝ ՀՀ այսօրվա իշխանությունները, իրենց հայտարարություններով (ինչպես, օրինակ, վարչապետի՝ այլընտրանքային ճանապարհի մասին հայտարարությունը և «վախի»՝ ԱԽ քարտուղարի հայտարարությունն առ այն, որ կարող եք փողը մուծել և անցնել) նպաստում են բոլորովին նոր ձևով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման՝ ընդ որում, անհայտ արդյունքով. կանգնել և վճարել անհայտ գումար»,- 168.am–ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ իշխանությունների կարևորագույն սահմանադրական պարտավորությունը պետք է լիներ՝ ապահովել պետական, ազգային և յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը.
«Սխալ գործողություններով կամ պարզապես անգործությամբ այս իշխանությունները կոպտորեն ոտնահարում են ոչ միայն այդ տարածքներում բնակվող և կիսաշրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչների իրավունքները, այլև ՀՀ ցանկացած բնակչի և այստեղ հայտնված օտարերկրյա քաղաքացու (որոնք գալիս են մի պետություն, որի իշխանությունները պարտավոր են հստակեցնել, թե որտեղով են անցնում իր պետության սահմանները)»:
Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչ ասել է անգործություն՝ նկատելով, որ երբ դեռ մայիս ամսին ՀՀ տարածք էին ներթափանցել ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, ՀՀ-ն չի ձեռնարկել պատշաճ գործողություններ:
Նա համոզված է՝ այդ հարցում հայկական կողմը պետք է անցներ ուժային գործողությունների և կամ՝ պետք է գերության վերցներ զինյալ խմբին, հետո բանակցությունների միջոցով վերադարձներ:
Մինչդեռ ըստ իրավապաշտպանի, իշխանությունները ոչ միայն չեն դիմել նման գործողությունների, այլև հետևողական չեն եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կառույցներին դիմելու հարցում.
«Եթե մենք չենք համարում, որ դրանք հաստատություններ են, որոնց կարելի է դիմել, պետք է պետությունը վաղուց իր դիրքորոշումը հայտներ և դուրս գար այդտեղից, կամ հայտարարեր իր դիրքորոշումը այդ մարմինների նկատմամբ:
Ո՛րևէ առումով մենք չենք տեսել որևէ նախաձեռնություն, փոխարենը՝ տեսել ենք սխալ գործողություններ. վարչապետի երեկվա խոսքը նշանակում է, որ նա միանձնյա և առայժմ մեր քաղաքացիների համար միայն բանավոր հայտարարում է, որ պետք չէ գնալ այն ճանապարհով, որով իրենք միշտ գնացել են, ի դեպ, և սովետական ժամանակներում (սովետական ժամանակ նույն այդ ճանապարհներով գնում էին. սա այն մարդկանց համար եմ ասում, որոնք ասում են՝ ինչ է, մենք սովետական ժամանակ չե՞նք ապրել իրար մոտ: Իհարկե ապրել եք, բայց այդ ժամանակ այդ սահմանները կրում էին զուտ ներպետական վարչական սահմանների բնույթ, և այդտեղ չէր կանգնեցվում ոստիկան, չէր տեղադրվում մաքսակետ):
Սա նշանակում է, որ սովետական ժամանակների հետ համեմատությունն ամբողջովին սխալ է, նահանջողական, և սահմանադրական բոլոր պարտավորությունները չկատարելով՝ ՀՀ բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների ոտնահարում է»: