Որոտան համայնքի դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն այսօր երկու ամենագնացով են դպրոց գնացել՝ այլընտրանքային խորդուրբորդ ճանապարհներով

Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցում ճանապարհների փակ լինելը խոչընդոտներ է առաջացնում։ Երեկ գիշերը ժամը 12-ից թշնամին փակել էր Որոտանի ճանապարհը՝ այնտեղ մաքսակետեր տեղադրելու համար, իսկ այլընտրանքային ճանապարհներն էլ դեռ պատրաստ չեն, որի պատճառով էլ ուսուցիչները չեն կարողացել ժամանակին հասնել դպրոց։

168.amի հետ զրույցում Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն ասաց, որ այսօր կազմակերպել է և ուսուցիչների հետ երկու ամենագնացով գնացել են դպրոց։ Ըստ նրա, հատուկ այդ նպատակով վերցրել են 2 «Ջիպ» ավտոմեքենա, որպեսզի կարողանան այլընտրանքային ճանապարհի խորդուրբորդ հատվածները հաղթահարեն ու հասնեն դպրոց։

«1,5 ժամ էլ չի եղել, որ ուշացել ենք, երևի 1 ժամ ենք ուշացել։ Ներքևի ճանապարհն ուղղակի փակ է եղել, ադրբեջանական կողմը մաքսակետ էր տեղադրում ու թույլ չեն տվել անցնենք, վերևի ճանապարհով ենք եկել՝ այլընտրանքային ճանապարհով, դրա համար էլ դասերից ուշացել ենք։ Ես գիտեի, որ այլընտրանքային ճանապարհը հաջող չի, դրա համար երկու ամենագնաց եմ վերցրել, գնացել մեր դասերն արել ու վերադարձել ենք։ Հիմա այդ ճանապարհների վրա աշխատում են»,- ասաց Արա Գրիգորյանը։

Ըստ նրա, դասերը հեռավար դարձնելու վերաբերյալ որևէ խնդիր չունի, մինչև այլընտրանքային ճանապարհի նորոգման աշխատանքներն արագացնեն ու ավարտին հասցնեն:

«Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, Աստված ոչ անի, եթե գյուղից մի ընտանիք պակասեց, էլ մեր ապրելն ո՞ւմ է պետք։ Ես հատուկ եմ այսօր գնացել դպրոց, որ երեխաներն ու բնակիչները հանկարծ խուճապի չմատնվեն, զուտ դրա համար սկզբունքային ձևով գնացել մեր դասն արել ու վերադարձել ենք»,- շեշտեց դպրոցի տնօրենը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհն անցնում է Խոտ գյուղով, երբ այդ ճանապարհով են անցնում, որևէ անվտանգային խնդրի չեն հանդիպում, այնտեղ որևէ ադրբեջանցի չկա։

«Ամիսներ առաջ, երբ այդ հատվածում կանգնեցրել էին Արցախից եկող ավտոբուսը և վրայից մաքրել Արցախի գերբը, դրանից մի 3 ժամ առաջ իմ մեքենան էին կանգնեցրել։ Մեր մեքենայից մերոնցից մեկը նկարում էր, դրա համար կանգնեցրել էին, թե՝ մի նկարեք, չի թույլատրվում։ Հինգ րոպե կանգնեցրեցին, ադրբեջաներով բառեր ասացին, թողեցին։ Ես հանգիստ եմ նրանով, որ մեր զինվորները կանգնած են, իրենք են մեր անվտանգության երաշխավորը։ Կարծում եմ, եթե հասցնեն այլընտրանքային ճանապարհը սարքեն, նորմալ կլինի, էլի»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են անցնել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով, ապա, ըստ իր տրամաբանության, պետք է որոշակի գումար վճարեն ադրբեջանական կողմին, Արա Գրիգորյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել ԱԽ քարտուղարի ասածները, գուցե նրանք ավելի մեծ տեղեկատվություն ունեն, թե ինչ է կատարվում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Որոտանի այն հատվածը, որտեղ թշնամին մաքսակետ է դրել՝ հայկական տարածքում չէ, Արա Գրիգորյանը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին այս հատվածում ապրել են ադրբեջանցիներ, ավելին՝ մի քանի ադրբեջանցի էլ ապրել են Որոտանում, հետևաբար, հարց է առաջանում, ի՞նչն են հիմք ընդունում, որ ասում են՝ ադրբեջանական տարածք է, միայն այն, որ ադրբեջանցինե՞ր են եկել ապրել խորհրդային տարիներին։

«Ես ի՞նչ ասեմ, թող գնան ուսումնասիրեն, թող պատմաբանները խոսեն այդ հարցի շուրջ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930