Երեկ՝ Արա Մկրտչյանը, այսօր՝ Մենուա Հովսեփյանը. Վերաքննիչ քրեական դատարանը նոր բարձունքներ է նվաճում
Ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի ու փոխհամայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաների նոր ալիք է սկսվել:
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանեց Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ու բավարարելով դատախազության բերած բողոքը՝ կալանավորեց Քասախի համայնքապետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը՝ Արա Մկրտչյանին:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի որոշում կայացրեց արդեն Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի նկատմամբ:
Մենուա Հովեփյանին ազատ արձակելու որոշում դատարանը կայացրել էր հոկտեմբերի 15-ին: Խափանման միջոց գրավը կազմել էր 30 միլիոն դրամ:
Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Այլ կերպ ասած՝ Մենուա Հովսեփյանը մեղադրվում է այն բանում, որ օգնություն է բաժանել մարդկանց, որ նրանք գնան ու քվեարկեն կոնկրետ քաղաքական ուժի օգտին: Մինչդեռ յուրաքանչյուր ընտրությունից առաջ իշխանական մարզպետներն ու քաղաքապետները «օգնություն» է, որ բաժանում են, և չգիտես ինչու՝ ազատ շրջում են:
Մասնավորապես, 168.am-ը գրել էր, որ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ 1 միլիոն 700 հազար դրամ էր բաժանվել 48 ընտանիքների, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ էին, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։
Գյումրեցի թվով 42 ընտանիքներ 20-50 հազարական դրամ միանվագ օգնություն էին ստացել կայանալիք ընտրություններից առաջ՝ մարզպետարանից։
Թե ինչո՞վ է պայմանավորված, որ ընտրություններից առաջ մարզպետարանը պարզել է, որ մինչև 50 հազարական դրամ միանվագ օգնություն ստանալու կարիք ունեցող ընտանիք կա, և հատկապես՝ մայրաքաղաք Գյումրիի բնակիչները և ոչ թե, ասենք, մարզի հեռավոր գյուղերում ապրող բնակիչները, հայտնի չէ, համենայն դեպս մարզպետի ստորագրած որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն նշված չի եղել։
Իսկ խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ բաժանված օգնության համար Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է, փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին էլ կրկին այսօր կալանավորեցին:



