Բաժիններ՝

Միայն դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որը կատարվում է բռնցքամարտի հավաքականում. Գիլոյան

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գոհ է աշխարհի առաջնությունում ՀՀ թիմի գրանցած արդյունքներից:

«Միայն դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որը կատարվում է բռնցքամարտի հավաքականում: Պատահական հաղթանակներ չեն լինում, պատահականորեն մարդ չի կարող հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ` այն էլ ծանր քաշային կարգում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Գիլոյանի խոսքով` հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը մեծ անակնկալ մատուցեց մարզասերներին` դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Մեր մեդալներն աշխարհի առաջնությունում ինձ շատ են ուրախացնում նաև այն առումով, 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում, և մենք զորեղ թիմ կունենանք»,- շեշտեց նա:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: 63,5 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և 92+ կգ քաշում ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Դավիթ Չալոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս