«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար ոչ միայն պատմական արդարության, այլև անվտանգության խնդիր է». ԱԳ փոխնախարար
Այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշեց. «Առհասարակ ցեղասպանությունների կանխարգելումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար ոչ միայն պատմական արդարության, այլև անվտանգության խնդիր է, նաև տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի անվտանգության խնդիրն է։ Այն ներկա է բոլոր հիմնարար փաստաթղթերում, և այս ուղղությամբ մենք մեր ջանքերը շարունակելու ենք»,- նշեց Վահե Գևորգյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, որ Կառավարության նախագծում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին որևէ կետ գոյություն չունի։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորները ևս կարող են ասել, որ հարցի հետ կապված որևէ կետ չկա Կառավարության ներկայացրած նախագծում։
Ընդդիմադիր պատգամավորի այդ խոսքից հետո հնչեցին կարծիքներ, որ նման կետ կա, ինչին ի պատասխան՝ Աննա Գրիգորյանը նկատեց. «Շատ լավ, եթե կա, ուրեմն հաջորդիվ մեջբերեք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում