Ինչո՞ւ է ԱԱԾ-ն թաքցնում ավիացիայի վարչության ծառայության պետի և գլխավոր ինժեների ձերբակալման փաստը
Հոկտեմբերի 29-ին 168.am–ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով դրա նախորդ օրն ԱԱԾ-ն ձերբակալել էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, իսկ հոկտեմբերի 29-ին՝ նաև ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Այս գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Անցել է մի քանի օր, սակայն, ԱԱԾ-ից ոչ մի պաշտոնական տեղեկություն չի տարածվել:
168.am-ն երեկ դիմել էր ուժային կառույցին՝ պարզելու, թե «անորակ հրթիռների գործով» ինչո՞ւմ են մեղադրում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետին և գլխավոր ինժեներին, ԱԱԾ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել՝ նշելով, որ սահմանված ժամկետում և թույլատրելի սահմանում կպատասխանեն մեր հարցադրումներին: Համապատասխան գրություն-պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Մենք գրել էինք նաև, որ վերևում նշված ձերբակալված անձանց՝ Արտյոմ Համբարյանին և Վլադիմիր Բաբայանին, ստիպել են ցուցմունքներ տալ Ստեփան Գալստյանի դեմ` պայմանով, որ կալանավորման միջնորդությամբ չեն դիմի դատարան: Գուցե դեռ այս առումով անելիքներ կան, դրա համար ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկություն չի տարածում: ՊՆ-ն և ԳՇ-ն զերծ են մնում որևէ մեկնաբանություններից այս առնչությամբ:
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, ասացին, որ, մասնավորապես, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը պարկեշտ անձնավորություն է և մասնագիտական պարտականության չարաշահում թույլ չէր տա:
Հավելենք, որ ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ փորձել են Դավիթ Տոնոյանի և Ստեփան Գալստյանի դեմ նաև ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանից ցուցմունք կորզել, սակայն մերժում են ստացել: