2012 թվականն անցումային ժամանակաշրջան էր

Իտալական Limes պարբերականի խմբագրականում 2012 թվականը որակված է որպես անցումային տարի. «Միջազգային քաղաքականության ոլորտում 2012 թվականը չդարձավ հեղափոխական (և անմոռանալի), ինչպես որ 2011 թվականն էր: Սակայն տարվա ընթացքում հաստատվեցին նախկինում առաջացած տենդենցները և առաջացան նորերը՝ դեռ անկանխատեսելի հետևանքներով:

2012 թվականին փոխվեցին Չինաստանի առաջնորդները, ԱՄՆ-ում Օբաման մնաց իր պաշտոնին, Վենեսուելան հայտնվեց կախված վիճակում, ճգնաժամը չխորացավ, եվրոպական արժույթը դիմացավ, Իրանին հարված չհասցվեց: Այս պատճառով մենք կարող ենք 2012 թվականը համարել անցումային տարի:

Սիրիայում անցումը երկակի էր. 2011 թվականի ապստամբությունը 2012 թվականին վերածվեց իրական քաղաքացիական պատերազմի` աստիճանաբար տարածքների վրա վերահոսկողությունը կորցնող վարչակարգի և մարտնչող բազմաթիվ ապստամբական խմբերի միջև, որոնք ունեն տարբեր ծրագրեր, սակայն ունեն ընդհանուր մեկ նպատակ՝ Ասադին վտարելը: 2012 թվականի ընթացքում Սիրիայում պատերազմը դարձավ պատերազմ սուննիների, որոնց աջակցում է Արևմուտքը և իշխող ռեժիմի միջև, որին աջակցում է Իրանը և կարեկցում է Ռուսաստանը:

Կատարը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Հորդանանը տնտեսական, ռազմական և քաղաքական կապիտալ են ներդրել սիրիական ռեժիմի անկման մեջ՝ ֆինանսավորելով ու սպառազինելով ապստամբներին և նպաստելով Դամասկոսի դիվանագիտական մեկուսացմանը: Սիրիայի Տարտուս նավահանգստում է գտնվում հետխորհրդային տիրույթում չգտնվող Ռուսաստանի միակ ռազմածովային բազան:

Ռուսաստանը չի ցանկանում, որ Լիբիայի պատերազմից հետո Սիրիան հանձնի Արևմուտքին և Չինաստանի հետ մեկտեղ ՄԱԿ ԱԽ-ում հանդես է գալիս Ասադի պաշտպանության օգտին: Ռուսաստանը դրամական և ռազմական օգնություն է ցուցաբերել Սիրիայի նախագահին: Իրանն իր հերթին չի կարող իրեն թույլ տալ կորցնել իր տարածաշրջանային միակ դաշնակցին, քանի որ Սիրիան իրեն հնարավորություն է ընձեռում օգնել «Հըզբոլլահ» շարժմանը և սպառնալ Իսրայելին:

Հրեական պետությունը, ով Ասադի հետ հասել էր «սառը խաղաղության», իրադարձություններին հետևում է ահով՝ վախենալով, որ շուտով ստիպված է լինելու զղջալ քաջածանոթ թշնամու կորստի համար: Արևմուտքն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ ողջ 2012 թվականին մտածում էին նույն խնդրի մասին, քանի որ վտարանդիության մեջ գտնվող սիրիական քաղաքական ընդդիմությունը կապված չէ ապստամբների հետ և պառակտված է ներսից:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական միջամտության հնարավորությանը, ապա ընդհուպ մինչև ԱՄՆ-ի ընտրություններ այդ վարկածն անիրատեսական էր: Օբամայի ընտրվելուց հետո նույնպես կան տեխնիկական ու քաղաքական խնդիրներ և հատկապես Վաշինգտոնի համար բարդ է արդարացնել զորքերի ուղարկումը մի երկիր, ուր ԱՄՆ-ը չունի կենսական կարևորության շահեր:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում տեղի է ունենում աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայում. տեղի է ունենում Մերձավոր Արևելքից հեռացում դեպի Խաղաղօվկիանոսյան գոտի՝ Չինաստանին զսպելու և ուժերն այն տիրույթում կենտրոնացնելու համար, ուր նկատվում է ամենամեծ տնտեսական աճը: Օբաման այդ ռազմավարության հեղինակներից մեկն է, և նրա վերընտրվելուց հետո այս տենդենցն էլ ավելի է ուժեղանալու:

Կանխատեսումների համաձայն, մոտակա 20 տարիներին ԱՄՆ-ը առաջին տեղերից մեկն է զբաղեցնելու նավթի ու գազի արտադրողների ոլորտում և կսկսի արտահանել էլեկտրաէներգիա: Դա կառաջացնի աննախադեպ աշխարհաքաղաքական հետևանքներ և կհանդիսանա Մերձավոր Արևելքի երկրների թուլացման ևս մեկ պատճառ՝ բացառությամբ, բնականաբար, Իսրայելի:

Սակայն այդ կապերը չեն խզվի վերջնականապես, որպեսզի այդ ողջ գոտին բաժին չհասնի Չինաստանին, որը գնալով դրսևորելու է ավելի մեծ ակտիվություն տվյալ տարածաշրջանում, ինչպես նաև նրա համար, որ այդ երկրներում ծաղկում չապրի ահաբեկչությունը:

2012 թվականին Չինաստանն իրականացրեց առաջնորդների հաջող փոփոխություն, ինչպես նաև հատուկ համառությամբ պաշտպանեց իր (վիճարկվող) իրավունքները Չինական ծովի մի շարք կղզիների հարցում: Նա խորհրդանշական և քաղաքական առումով ուժերը չափեց Ճապոնիայի, Վիետնամի ու Ֆիլիպինների հետ: Թեև բանը չհասավ պատերազմի, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այդ տարածաշրջանում գտնվող Հյուսիսային Կորեան նույնպես անցումային շրջան է ապրում:

2012 թվականը ԵՄ-ի և եվրոգոտու համար գոյատևման պայքարի շրջան էր: 2012 թվականի վերջի դրությամբ համակարգային ճգնաժամն այնպես անխուսափելի չէր, որքանով, որ նա պատկերացվում էր 2011 թվականի վերջին՝ թեև «անկարգապահ» երկրների (Հունաստան, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա) բյուջետային դրությունն այդքան էլ ոգեշնչող չէ: ԵՄ-ի անդամ հյուսիսային երկրները գրեթե աստղաբաշխական կերպ չեն վստահում միջերկրածովյան պետություններին, որոնք պատասխանում են նույն կերպ: Մեծ Բրիտանիան զբաղեցրել է հակաեվրոպական դիրքորոշում, իսկ Լա Մանշ նեղուցը գնալով նրան էլ ավելի է անջատում Եվրոպայից:

2012 թվականն անցումային տարի էր նաև այսպես կոչված «Արաբական գարնան» համար: Բենղազիում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը, Եգիպտոսում Մուրսիի վիճելի որոշումները, Քուվեյթում ու Բահրեյնում ձերբակալությունների ալիքը ստիպեցին շատերին կասկածել, որ Միջերկրական ծովի հարավային ափերին կարող է հաստատվել ժողովրդավարություն:

Արևմտյան հասարակությանը սարսափեցնում է այսպես կոչված «իսլամական ձմեռը»՝ վախեցնելով այն, որ մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում հաղթանակ են տանելու իսլամական ուղղվածությամբ կուսակցությունները, որոնք չեն հետաքրքրվում ոչ մուսուլմանների իրավունքներով: Բնականաբար, իրավիճակն ամենուրեք տարբեր է՝ Թունիսից մինչև Եմեն, սակայն արդեն 2011 թվականին առաջացած երկու տարրեր իրենց զգացնել տվեցին նաև 2012 թվականին:

ա) Տարբեր երկրներում իշխանության բաշխումը միշտ չէ, որ հասկանալի է. ընտրությունները չեն ենթադրում, որ բանակը (Եգիպտոսի դեպքում), ոստիկանությունը (Լիբիայի դեպքում) կամ պարտություն կրած հեղափոխականները (նույն Եգիպտոսի դեպքում) անպայմանորեն պետք է ընդունեն ընտրված խորհրդարանի կամ կառավարության օրինականությունը:

բ) Նրանք, ովքեր հաղթում են ընտրություններում, պետք է հասկանան, որ հաղթանակը նրանց չի շնորհում բացարձակ իշխանություն: 2012 թվականի ավարտին թվում է, թե «Արաբական գարունը» երկարատև և բազմաձև գործընթաց է՝ դեռ անհայտ արդյունքներով և կողմերով, անկանխատեսելի էֆեկտներով: Բավական է հիշել Մալիի դեպքը:

Լատինական Ամերիկայում անցումային շրջանը կարող է սկսվել ամեն օր: 21-րդ դարում առաջին անգամ Վենեսուելան և տարածաշրջանը կարող են շուտով որբանալ քաղաքական և կենսաբանական առումներով: Հոկտեմբերին մինչև 2019 թվականը (վեց տարով) նախագահ վերընտրված Ուգո Չավեսը պետք է հաղթահարի քաղցկեղը: Եթե դա նրան չհաջողվի, ապա հունվարին կանցկացվեն նոր ընտրություններ: Բոլիվարի գաղափարակիր Չավեսի առողջական վիճակից կախված կլինի Կարակասի և այն ողջ միությունների ցանցի ապագան, որոնց տարիներով ստեղծել է Չավեսը:

Վենեսուսելայի ամենամոտ դաշնակից Կուբան ղեկավարող Կաստրո եղբայրներն արդեն սկսել են դանդաղորեն անցում կատարել ավելի բաց տնտեսությանը՝ չինական ու վիետնամական մոդելով: Սակայն Պեկինի ու Հանոյի նման, կղզին նույնպես դեռ հեռու է ժողովրդավարության հաստատումից:

Ավարտվեց դժվար և բազում տեսանկյուններից դրամատիկ 2012 թվականը: Մի բան կարող ենք վստահորեն ասել. մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս