«Որ ասում եմ՝ թուրքի ստրուկ են, ասում եք՝ էդպես չի. այս մարդկանց հետ ի՞նչ խոսես». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը պարբերաբար հուշում է այն մասին, որ անգամ այն կայացած ինստիտուտները, օրենսդրական փոխհարաբերությունները և իրավական ավանդույթները, որոնք ձևավորվել էին օրենսդիր-գործադիր շփումների ժամանակ, Փաշինյանն ուղղակի ջարդուփշուր է արել:
«Մի ժամանակ ինչ ուզում՝ այն էլ բանակցում էր, տեսանք՝ Արցախի կործանում, հիմա էլ հայկական պետականությունն է կործանում՝ ինչ ուզել՝ էն էլ անելով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Մկրտչյանի հարցին՝ արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցել: Պատգամավորի դիտարկմամբ՝ ինքը միակը չէ, ում Նիկոլ Փաշինյանը 2018թ. հետո սովորեցրել է տարբեր տեսակի լայվերին և գրառումներին. «Այսինքն՝ մենք դարձել էինք մի պետություն, որտեղ սոցիալական ցանցերում գրված գրառումը շատ ավելի նշանակություն ուներ, քան ցանկացած պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը: Հիմա այդ մարդը մեզ ոչ միայն զրկել է պաշտոնական տեղեկատվությունից, այլ նաև իր բառապաշարով՝ փայլուն և աննախադեպ լայվերը և գրառումները մենք չենք տեսնում: Դա ենթադրում է մեկ բան՝ իրավիճակն այնպիսին է, որ անգամ մանիպուլյացիայով, ստով ու կեղծիքով իշխանությունը զավթած անձնավորությունը չի կարողանում այդ ամենը մանիպուլյացնել և կեղծել: Նա այս անգամ հասկացավ, որ իրավիճակն այնքան է սրված, այնքան հակահայկական է, որ ցանկացած նախադասություն, որ ինքը կմոտենա ամբիոնին և կասի, օգտագործվելու է իր իսկ դեմ»:
Աննա Մկրտչյանը նկատեց՝ եթե հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հարցերին որոշում էր պատասխանել, ամեն անգամ ինքնախոստովանական ցուցմունքի տպավորություն էր թողնում. «Մենք նախորդ հարցուպատասխանին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուց լսեցինք, որ ինքն է տվել զորքերի հետքաշման հրամանը: Ի՞նչ իրավական հիմքերով է այդ հրամանը տվել, ո՞ւմ հետ է բանավոր խոսել, ո՞ւմ հետ է օպերատիվ կապով խոսել. այս ամենը մենք չգիտենք, բայց մենք իմացանք, որ ինքն է տվել այդ հրամանը, և սա շատ կարևոր է հետագա քննության համար»:
Պատգամավորի ոչ միայն բանավոր հնչեցրած հարցերը գրավոր պատասխան չեն ստանում, այլև գրավոր հարցերը ստանում են ոչ պատշաճ ժամկետներում՝ ոչ պատշաճ պատասխաններ: «Պարբերաբար հնչող բանավոր հարցերին պատասխանում են մեկ բան, գրավոր պատասխանում են մեկ այլ բան, և նույնիսկ պատգամավորը, ով ունի գաղտնի տեղեկատվությանը տիրապետելու իրավունք, հաճախ պատասխան է ստանում, որ դրանք պետական գաղտնիքներ են: Եթե ես ստորագրել եմ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում՝ պատգամավորին պատասխանել, որ դա պետական գաղտնիք է: Ուղղակի ասում են՝ դա ձեր գործը չէ»,- ասաց նա:
Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահությունը 8-րդ ԱԺ գումարման առաջին իսկ օրվանից չի կարողացել ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը. «ԱԺ նախագահները, չնայած միշտ ներկայացված և ընտրված են եղել հենց իրենց քաղաքական ուժի կողմից, մշտապես ձգտել են լինել անաչառ, մինչև 2018թ. անգամ նկատելի էր, որ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ շատ ավելի հանդուրժող են, քան սեփական ֆրակցիայի նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ հիմա այդ խուզարկություններով, որ ես անցնում և մտնում եմ դահլիճ, որտեղ էլ տարբեր միջոցներով խոսափողս են փորձում անջատել, միանգամից ասեմ՝ դա էական սահմանափակում չի ունենալու իմ խոսքի տեսանկյունից, բայց մյուս անգամ երևի Արարատ Միրզոյանին պետք է դա հարցնեմ, որ իր հետ այդ ծխակալներից բերի, և ես կարողանամ ակցիա իրականացնել»:
Նա ընդգծեց՝ Հայաստանում մարդիկ դժգոհ են այս «իշխանազավթներից». «ՀՀ-ում լայն շրջանակների մոտ այլևս խոսակցության առարկա չէ՝ այս մարդը դավաճան է, թե ոչ, հստակ է, որ խոսակցությունը գնում է այն ուղղությամբ, որ ինքը դավաճան է: Այլ հարց է, որ երբ խոսակցությունը ծավալվում է այն ուղղությամբ, թե ինչ պետք է անեն, որ սրան վռնդեն, այստեղ միգուցե մեթոդաբանությունը փոփոխվում է: Բայց այն, որ այս անձինք ՀՀ-ն կործանողներն են, սրա հետ կապված մեծ այլակարծություն չկա»:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ ժողովուրդն իրենց վերընտրել է, և, որ Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրության միջոցով է «Պատիվ ունեմ»-ը հայտնվել խորհրդարանում, նա արձագանքեց. «Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրության միջոցով է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վարչապետի աթոռին նստած է: Ինչ վերաբերում է իրավական պետությանը, ապա ՀՀ-ում այնպիսի սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, որ կարողացան ապահովել այն իրավական կայունությունը, որն ամեն կերպ փորձում էր խաթարել այս իշխանազավթների խմբակը: Բացառապես խորհրդարանական պետության և գործուն իրավական ճկուն մեխանիզմների շնորհիվ է, որ ՀՀ-ն գոնե ձևական առումով այս պահին գոյություն ունի, որովհետև իրենք ամեն ինչ փորձում էին անել, որ ՀՀ-ն ոչ միայն բովանդակային առումով սնանկանա, այլ նաև ձևական առումով վերանա»:
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելը մարդասիրական քայլ է, իրենք էլ նույն կերպ պատասխանում են՝ քարտեզներ տրամադրելով, Աննա Մկրտչյանը հետևյալն ասաց. «Որ ասում եմ՝ իրենք թուրքի ստրուկ են, ասում եք՝ էդպես չի: Այսինքն՝ ունենալով բոլոր միջազգային մարդասիրական և վերազգային կազմակերպությունների հայտարարություններն առ այն, որ առանց պայմանավորվածությունների պետք է գերիները վերադարձվեն, ունենալով փաստաթուղթ դրա մասին, ասում են, որ Ալիևը մարդասիրական քայլ է անում: Իրո՞ք: Կարո՞ղ է Ալիևը մարդասիրական քայլ է արել, որ Ստեփանակերտ էլ չի հասել, ինչի՞ մասին է, էլի, խոսքը: Այս մարդկանց հետ ի՞նչ խոսես: Սրանք պետք է անհապաղ հեռանան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում