Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածությունը, որն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Արտակ Մանուկյանը շնորհակալություն  հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ նկատելով.

«Կարծում եմ՝ իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որը ես ունեմ: Կարծում եմ, որ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»:

Թեկնածուն համոզված ասաց, որ ընտրության պարագայում կարող է նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին, և որպես ասվածի ապացույց՝ նկատեց՝ ԿԲ կայքում առկա է միայն 2018-2020 թթ. ռազմավարությունը՝ մանրամասնելով. «Եվ տարին ավարտվում է, ենթադրվում է, որ 2021-ը կարծես թե պետք է բաց թողած չլինեինք: Առավել ևս՝  ակնհայտ է, որ ներկա պարագայում ունենք բավականաչափ լուրջ մարտահրավերներ աշխարհում»:

Հիշեցնենք՝ Արտակ  Մանուկյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր էր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

ԿԲ խորհրդի անդամ թեկնածուին պատգամավորներն ուղղեցին հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հարցում նախ նշեց, որ սեպտեմբերին Վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ գնաճը 8,9 տոկոս է, և պարզ չէ՝ մինչև տարեվերջ որքան կփոխվի, իսկ գնաճի զսպման հարցում քաղաքացին կառավարության կիրառած գործիքակազմը չի տեսնում։

«Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք առնելու, եթե դրա հնարավորությունն ունի, ընդհուպ՝ բանջարեղեն առնելու, 64.7 տոկոսով էլ բանջարեղենի գինն է աճել, իր կյանքում կառավարության գործողությունները չի տեսնում»,- ասաց Էլինար Վարդանյանը  և Արտակ Մանուկյանին հարց ուղղեց, թե գործնականում  ինչ  այլ գործողություններ կարելի է ձեռնարկել գնաճի հետևանքները մեղմելու համար:

Արտակ Մանուկյանն ի պատասխան՝ պարզաբանեց, որ, եթե բացեն բանջարեղենի 64,7 տոկոսը, կտեսնեն՝ այն մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ։

«Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է»,- վստահեցրեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն՝ հավելելով, որ ակնկալում է ընտրվելու պարագայում համատեղ քննարկել՝ ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող է լինել այս կարճաժամկետ շոկերը որոշակիորեն մեղմելու առումով։

Էլինար Վարդանյանն արձագանքելով՝ նշեց․

«Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք։ Հասկանո՞ւմ եք, սա պատասխան չի. Այսինքն՝ ինչ, եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի՞ կերեք,  ժողովուրդ ջան:

Այսինքն՝ երբ խոսում ենք գների բարձրացման մասին,  ակնհայտորեն հենց թանկացել են կենսական նշանակություն ունեցող ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը: Շատ ընտանիքների առօրյան կարտոֆիլն է։ Այս գնաճը իսկապես սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա, մարդիկ ավելի վատ են ապրում, քան երեկ, վաղը ավելի վատ են ապրելու, քան այսօր, որովհետև իրական միջոցներ չեն ձեռնարկվում, թեկուզ կարճաժամկետ միջոցներ: Ինչ վերաբերում է միջազգային գներին՝ միջազգային գների հետ մեր գնաճն անհամարժեք է»:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած ձևակերպման հետ, թե միջազգային գնաճը ցածր է, և հիշեցրեց Վրաստանի օրինակը, որտեղ, ըստ նրա, այս պահի դրությամբ համադրելի գնաճը 12,8 տոկոս է:

«Սա փաստում է, որ մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ: Այո, և սա շոկ է, ինչպես քովիդը, և դրա համար տարբեր երկրներ փորձում են ավելի կշռադատված մոտեցումներ կիրառել»,- շեշտեց Արտակ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս