ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և ԳՇ պետի տեղակալը սահմանային իրավիճակի մասին լռում են

Խորհրդարանում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ հրավիրված փակ քննարկումը։

Հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր։ Թեև ընդդիմությունը պահաջել էր, որպեսզի փակ քննարկմանը ներկա լինեն ՀՀ Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարները, ինչպես նաև ԱԱԾ տնօրենը, սակայն նրանք խորհրդարան չէին եկել։ Փոխարենը՝ Կառավարությունը որոշել էր, որ ներկա կլինեն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը։

Քննարկումից մոտավորապես 30 րոպե անց նիստերի դահլիճը լքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ուժային կառույցների ներկայացուցիչները իր որևէ հարցի չեն պատասխանել, կա՛մ նրանք իրավիճակին չէին տիրապետում, կա՛մ հրահանգավորվել են, որպեսզի որևէ հարցի չպատասխանեն, հենց այդ նկատառումով որոշել է լքել նիստերի դահլիճը, քանի որ իմաստ չկա ներկա լինել նիստին։

Փակ քննարկման ավարտից հետո, ինչպես Կամո Քոչունցը, այնպես էլ՝ Արման Մարալչյանը չպատասխանեցին լրագրողների որևէ հարցի, թեև նիստից առաջ խոստացել էին լրագրողների  հարցերին պատասխանել նիստի ավարտից հետո։

Ինչ իրավիճակ է այս պահին սահմանին, ինչու է թշնամին ներխուժել և շարունակում մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս բոլոր հարցերը մնացին անպատասխան, իսկ պաշտոնյաները լուռ հեռացան։

Տեսանյութեր

Լրահոս