«Ալիևի սպասելիքները չեն արդարացել. նա զգում է իր արտահայտությունների սնանկությունը». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ:

«Ադրբեջանը մեր տղաներին քաղաքական առևտրի մաս է դարձնում, և ի սկզբանե պետք է սրան պատրաստ լինեինք: Քանի որ ընթացքում մի շարք քայլեր են սխալ արվել և մի շարք քայլեր չեն արվել, մենք եկել ենք այս իրավիճակին և ունենք այն, ինչ ունենք: Ես կոչ կանեի չհավատալ այն պնդումներին, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրարից դրական ազդակներ են ստանում: Այդ ազդակների դաշտ չմտնելով՝ տեսնում ենք, որ մաս-մաս վերադարձվում են գերիներ, և ենթադրում եմ, որ քաղաքական առևտուրը դեռ ակտիվ փուլում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ ադրբեջանական կողմը մի կողմից՝ մասնակցում է եռակողմ հանդիպումների, մյուս կողմից՝ սադրանքների գնում ՀՀ սահմաններին և Արցախում. արդյո՞ք այդպիսով փորձում է ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և ստիպել գնալ որոշակի զիջումների, նա պատասխանեց.

«Ես կա կդիտարկեմ՝ որպես Ադրբեջանի ներքին բարդույթների արտահայտում, որովհետև հաղթող կողմը երբևէ իրեն այդպես չի պահում: 30 տարի մենք մեզ զգացել ենք հաղթող կողմ, և ես չեմ հիշում մի դեպք, երբ մենք ինչ-որ բաներ հրահրենք: Սա խոսում է միայն այն մասին, որ Ալիևն ինքն է զգում իր արտահայտությունների սնանկությունը: Սա խոսում է այն մասին, որ Ալիևի սպասելիքները չեն արդարացել, և այն վերջնական արդյունքը, որը պատկերացնում էր Ալիևը, չկա: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ դիվանագիտական ճակատում ահռելի գործ ունենք անելու, և մեծ ջանքեր պետք է գործադրենք՝ ըստ արժանվույն այդ ամենին պատրաստվելու համար»:

Նաիրա Կարապետյանի գնահատմամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զորամիավորումները որևէ մտադրություն չունեն այստեղից դուրս գալու.

«Ես վստահաբար պնդում եմ, որ նրանց ներկայությունը ՀՀ տարածքում որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ, և նրանք պարզապես ապօրինաբար գտնվում են մեր պետությունում: Նրանց այստեղ գտնվելը և այն լռությունը, որով այդ փաստն ընդունվում է, շատ մտահոգիչ է և շատ մտածելու տեղիք է տալիս, քանի որ մի շարք միջազգային իրավունքի և կոնվենցիաների խախտում է»:

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանություններն ասում են՝ եթե փորձեին ադրբեջանցիներին դուրս շպրտել, կարող էր պատերազմ սկսվել, նա արձագանքեց.

«Քանի որ մենք չգիտենք՝ ինչ է քննարկվել բանավոր պայմանավորվածությունների ժամանակ, ես կդժվարանամ ասել՝ ինչ քայլեր կարող էին արվել, որոնք չեն արվել: Գուցե համաձայնեցված է նրանց այստեղ գտնվելը, գուցե՝ հակառակը, ինչ-որ քայլ է, որը ենթադրում է հակաքայլ: Բայց այն փաստը, որ նրանք ամրանում են, դիրքեր են կառուցում և զգում են իրենց՝ ինչպես իրենց երկրում, դա ուղղակի անընդունելի է: Ստացվում է, որ մի պետությունը պարզապես որոշել է՝ գա հաստատվի մեկ այլ պետության տարածքում, քանի որ GPS-ի գիծը այդտեղ է ցույց տվել: Դա ուղղակի ծիծաղելի է: Մենք սա էլ կարող ենք տեղավորել Ադրբեջանի՝ բարդույթավորման արտահայտումների մեջ, բայց ինձ համար անհասկանալի է հայկական կողմի լռությունը և լուռ հանդուրժողականությունը: Անհասկանալի՝ մեղմ բառ եմ գործածում»:

Նա ընդգծեց, որ այսպես չեն մուտք գործում խաղաղության դարաշրջան. «Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է անել մի շարք քայլեր, որոնք ոչ միայն չեն արվում, այլ արվում է հակառակը: Ամենավառ օրինակը ՀՀ տարածքում Ադրբեջանի զինված խմբավորումների ներկայությունն է»:

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի սադրանքներին, նա նկատեց, որ 30 տարի շարունակ նման դրսևորումների ականատես ենք եղել և ծանոթ ենք մեր հարևանին. «Ցավոք, սահմանին միշտ եղել են կրակոցներ, զոհեր, դժբախտություններ. Մենք սովոր ենք մեր հարևանին: Եթե կոպիտ ասեմ՝ ռուսները պետք է սովորեն նրանց հոգեխառնվածքին»:

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունների մեջ էլ կան մարդիկ, ովքեր հիշում են, որ երբ փոքր էին՝ ադրբեջանցիները շուկայում միրգ ու բանջարեղեն էին վաճառում, նա արձագանքեց. «Ես մեր իշխանությունների մեմուարներին չեմ հետևում, դրանք նրանց անձնական հիշողություններն են, ես խոսում եմ երկրի և պետականության մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս