Սյունիքում զանգվածային են ուղղորդումների և մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հանրապետության տարբեր տարածքներում արձանագրել է տարաբնույթ խախտումներ՝ քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր, քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր:
«Անկախ դիտորդ»-ի երկարաժամկետ և շրջիկ դիտորդներին համակարգող Վահրամ Թոքմաջյանը Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ, ի տարբերություն Սյունքի, Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են:
«Ուշագրավ է, որ հանրապետության տարբեր տարածքներում արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու դեպքեր: Տեղ գյուղում ունենք դեպք՝ ընտրողների 10 տոկոսն իր ընտրությունը կատարել է օգնողների օգնությամբ: Ընդհանրապես, Սյունիքում զանգվածային են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ, այդ թվում՝ նաև ձայնային ձեռներեցների»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը՝ նկատելով, որ եղել են նաև տեղամասեր, որտեղ քվեախցիկը անմիջապես պատուհանի մոտ է եղել և ցանկացած անձ հնարավորություն է ունեցել դրսից հետևել ընտրությունների ընթացքին:
«Անկախ դիտորդ»-ից նշում են՝ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում: «Հին պրակտիկան չկա՝ ԳԱԶել-ներով մարդ տեղափոխելու, բայց կան մարդատար մեքենաներով տեղափոխելու դեպքեր, և կարծես թե այդ ուժերը չեն էլ թաքցնում, քանի որ մեքենաների վրա այն ուժի թեկնածուի նկարն է, ում աջակցում են: Ինչ վերաբերում է կուտակումների մասով, դրանք քիչ են համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ, որոշ դեպքերում սրանք հանձնաժողովների նախագահների «թույլ» լինելու ու հանձնաժողովի անդամների ոչ գրագետ լինելու մասին է վկայում»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը՝ տեղեկացնելով, որ խնդիր է ընտրության օրը պաստառների առկայությունը: Ըստ դիտորդի՝ սա համատարած խնդիր է:
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: