Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանին տրամադրելու հարցի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել ուղևորաչվերթներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնի էր դարձել «Ադրբեջանական ավիաուղիների» տարածած հաղորդագրությունից:
««Ադրբեջանական ավիաուղիները» Բաքու-Նախիջևան ներքին չվերթներ իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Այս քայլը ի ցույց է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում, ինչը բխում է սահմանակից բոլոր երկրների շահերից»,- ասված էր հայտարարության մեջ:
Նկատենք, որ սա արվեց այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը հայտնի էր դարձել՝ Իրանի իշխանությունները փակել են դեպի Նախիջևան օդային միջանցքն Ադրբեջանի ռազմատեխնիկական ավիացիայի համար:
Թե ինչպես կընդունվի ՀՀ իշխանությունների այս քայլը իրանական կողմի կողմից, կհասկանանք մեր հարևան երկրի հետագա գործողություններից: Մինչ այդ հիշեցնենք, սակայն, որ դրանից օրեր առաջ Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Իրանի կողմից լուրջ զգուշացումների, հայտարարել էր, որ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ քայլեր չի անի:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «Քեյհան» օրաթերթը, որը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է, որի գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենեին, առաջնորդող հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները ՀՀ հարավային սահմաններում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Այդ հոդվածում շատ կոշտ գնահատականներ էին տրվել Նիկոլ Փաշինյանի գործողություններին. «Փաստորեն, Փաշինյանն իրականացնում է պատմական դավաճանություն և մշտական ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ»:
Եվ ահա, այն բանից հետո, երբ մեր օդային տարածքն Ադրբեջանի համար բացելու լուրը տարածվեց ու դարձավ մեծ աղմուկի պատճառ, նախ ՀՀ Քաղավիացիայի պետական կոմիտեն (ՔԱԿ) հաստատեց լուրը, ապա իշխանական թիմի պատգամավորները հերթով սկսեցին տարածել նույն տեքստն այն մասին, թե Հայաստանի օդային տարածքը երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի»,- հայտարարել էր ՔԱԿ-ը՝ հավելելով, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
Հանրության մի ստվար զանգված, սակայն, մանիպուլյացիա է որակում ՔԱԿ այս հայտարարությունը: Շատերը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան:
Թևան Պողոսյանը, օրինակ, հարց է բարձրացնում. «Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ»:
Հայաստանի օդային տարածքը չի վերահսկվում: Այս մասին էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա, մասնավորապես, նշել էր.
«Երեկվանից Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ադրբեջանական օդանավերի համար: Ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Երեկվանից Ադրբեջանի օդային կապը Նախիջևանի հետ ապահովում է Հայաստանը, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը: 2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Եվ ինքն էլ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը: Էսօր, Իրանի արգելքից հետո, հանկարծ, որպես «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (այդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)», AZAL-ի օդանավերն սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը, որն, ի դեպ, իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչն իր հերթին բերում է վառելիքի և այլ ծախսերի կրճատում: Փաստորեն, «ազգընտրյալ», ուսապարկերի հակահիգիենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից Նոյեմբերի 10 է ստորագրել: Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ»,- գրել էր Հակոբ Ճաղարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին դեռևս, երբ ավելի վաղ լուր էր տարածվել, թե Թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը՝ ТК335) առաջին անգամ թռիչքն իրականացրել է Հայաստանի օդային տարածքով, և սա՝ այն դեպքում, երբ հայկական օդանավերին արգելված է թռչել Թուրքիայի օդային տարածքով, 168.am-ը հանդես էր եկել ծավալուն հրապարակմամբ:
Մենք գրել էինք, որ գործող օրենքների համաձայն՝ եթե ոչ եվրոպական որևէ պետություն ցանկանում է արգելք կիրառել իր տարածքով թռիչքներ իրականացնելու համար որևէ երկրի նկատմամբ, նա պաշտոնապես հայտարարում է այդ մասին և իր աէրոնավտիկական տեղեկագրում հրապարակում է դա, ինչպես դա արել է Իսրայելը:
Մասնագետները նշում են՝ կարծես թե Թուրքիան նման բան չի արել, մեզ չի ասել, որ իր օդային տարածք չի թողնում մտնել մեր օդանավերին: Ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնելու դեպքում տվյալ երկրից թռիչքից առաջ թույլտվություն են խնդրում, և պետությունը կամ թույլ է տալիս, կամ՝ ոչ: Սովորաբար թույլ չեն տալիս այն դեպքում, երբ ապահովագրության խնդիր է լինում, անձնակազմի կոմպետենտության, ուղևորների կազմի կամ բեռի անհամապատասխանության հետ կապված հարցեր են առաջանում:
«Ու եթե հիմա Հայաստանը ցանկանա թույլ չտալ թուրքական օդանավերին երկրի օդային տարածք մտնել, նա հանգիստ կարող է դա անել, հատկապես, երբ չկան դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ, հնարավոր է ու միգուցե պետք է հայելային պատասխան տալ Թուրքիային: Այո, Չիկագոյի կոնվենցիան ասում է, որ երկրները պետք է միմյանց օդային տարածքներ տրամադրեն, բայց եթե մի երկիր թույլ չի տալիս քո օդանավերին մտնել իր տարածք, նույնը կարող ես անել դու: Իսկ եթե «սև ցուցակում» գտնվելն է պատճառը, այդ դեպքում պետք է պաշտոնապես հայտարարեն, ինչպես Իսրայելի և Եվրոպայի դեպքում:
Կա ևս մեկ հանգամանք, որ նշում են ավիացիոն փորձագետները: Ըստ նույն Չիկագոյի կոնվենցիայի՝ ցանկացած պետություն իրավունք ունի իր օդային տարածքով անցնող օդանավերին իջեցնել ու ստուգել, եթե կասկածներ ունի, որ օդանավով կարող է զենք կամ ռազմական նշանակության այլ բեռ տեղափոխվել: Ինչո՞ւ այդ դեպքում մերոնք չեն իջեցնում թուրքական կամ ադրբեջանական ինքնաթիռներից որևէ մեկը ու չեն ստուգում: Ի՞նչ գիտեն՝ ի՞նչ բեռ է գնում, օրինակ, Նախիջևան»,- նկատել էինք մենք:
Սա գրել էինք դեռևս սեպտեմբերի 17-ին, իսկ երեկ արդեն փաստորեն հայտնի դարձավ, որ ադրբեջանական օդանավերն են անարգել թռչում մեր օդային տարածքով:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ միջազգային օդային ուղիներով տարանցիկ չվերթներ իրականացնելու մասին 1945թ. հունվարի 30-ին ուժի մեջ է մտել Նիդեռլանդների ու Նորվեգիայի միջև համաձայնագիրը, որին հետագայում միացել է նաև 39 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը:
Համաձայնագիրը կնքել են ICAO-ի անդամ պետությունները, որպեսզի տարանցիկ թռիչքների ժամանակ անախորժություն չլինի: Այս համաձայնագիրը Չիկագոյի կոնվենցիայից բխող համաձայնագիր է, որը կարգավորում է պետությունների միջև տարանցիկ թռիչքները:
Համաձայնագրի 1-ին հոդվածում ասվում է, որ այն կիրառելի չէ ռազմական նպատակներով օգտագործվող ու դրանց օգտագործումը ցանկացած միջազգային կանոնավոր օդուղիներում բացառող օդանավակայանների համար: Այն կիրառելի չէ նաև հաճախակի ռազմական կոնֆլիկտների գոտու երկրների համար, իսկ պատերազմի ժամանակ՝ տրանսպորտային կոմունիկացիաների սահմաններում, որոնք տանում են դեպի պատերազմական գոտիներ: Այդ դեպքում միմյանց օդային ուղիները կարող են թույլատրելի լինել թռիչքների համար բացառապես կոմպետենտ ռազմական ղեկավարության որոշմամբ:
Այսպես՝ Արցախի օդային տարածքը 1992թ.-ից փակ է եղել, քանի որ Ադրբեջանը հայտ է ուղարկել ICAO` հայտնելով, որ այն փակ տարածք է, և ինքն արգելում է թռչել այդ տարածքով: Եվ իսկապես, այդ տարածքով քաղաքացիական օդանավեր երբևէ չեն էլ թռել: Հասկանալի է, որ Չիկագոյի կոնվենցիայով՝ պետությունները միմյանց օդային տարածքներն օգտագործելու խնդիր չունեն, բայց եթե պետությունը կասկած ունի, որ իր օդային տարածքը կարող է օգատագործվել կոնֆլիկտի գոտում իրավիճակը թեժացնելու նպատակով, նա կարող է շատ հանգիստ փակել իր օդային տարածքը: Էլ չենք խոսում այն մասին, որ ցանկացած պահի օդանավը կարող են իջեցնել ու ստուգել:
Իսկ ՀՀ իշխող ուժի պատգամավորների հայտարարությունները, թե միշտ էլ օդանավերը թռել են, և միայն 2013թ.-ից թռիչքներ չեն իրականացվել, իրականությանը չեն համապատասխանում: Այսպես՝ պետական օդանավեր առհասարակ չեն թռել, դրա թույլտվություն էլ չեն տվել, և այդ թռիչքների համար հարցումներ ոչ հայկական կողմն է արել Ադրբեջանին, ոչ էլ Ադրբեջանը՝ Հայաստանին:
Իսկ քաղաքացիական օդանավեր էլ չեն թռել, որովհետև ցանկացած քաղաքացիական օդանավի Ադրբեջանը կարող էր իջեցնել ու ուղևորներին որպես պատանդ պահել, ասենք, մի քանի ժամ: Իհարկե, հնարավոր էր՝ ոչինչ էլ չկարողանային անել, քանի որ հայկական կողմը կբողոքեր ICAO-ին, ու խնդիրը կլուծվեր, բայց ի՞նչ հետևանք կունենար այն սթրեսը, որը մեր ուղևորները կտանեին այդ մի քանի ժամվա ընթացքում՝ գտնվելով ադրբեջանական տարածքում:
Եղել են հատուկենտ դեպքեր, երբ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից դեպի Բաքու չվերթ իրականացնող ինքնաթիռն այստեղ է վայրէջք կատարել, կամ մեր ինքնաթիռն է իջել Բաքվում, բայց մի քանի ժամ հետո ինքնաթիռները ապահով հետ են ուղարկվել: Բայց այս լարված, կոնֆլիկտային իրավիճակում դա լրացուցիչ սթրես կլինի ցանկացած ուղևորի համար՝ հատկապես հաշվի առնելով թշնամու անկանխատեսելիությունը:
Որևէ ուղևոր եթե իմանա, որ ինքնաթիռը ցանկացած պահի կարող է իջեցվել Ադրբեջանում, չի նստի այդ օդանավը:
Կրկնում ենք, պնդումները, թե այդ համաձայնագրով՝ մենք իրավունք չունենք թույլ չտալ, որ ադրբեջանական ինքնաթիռները թռչեն մեր օդային տարածքով, դատարկաբանություն են, որովհետև մեր իրավիճակում գտնվող երկրների դեպքում թռիչք թույլ տալ-չտալու որոշում կայացնում են բացառապես կոմպետենտ մարմինները, տվյալ դեպքում՝ երկրի Պաշտպանության նախարարությունը:
Չպետք է մոռանալ, որ Արցախյան վերջին պատերազմից մեկ տարի է անցել, և հնարավոր է, որ ադրբեջանական ինքնաթիռները հիմա նաև Արցախի օդային սահմանով են անցնում: Միգուցե փակ տարածք է, չեն կարող օդային տարածք մտնել, բայց սահմանով անցնել կարող են, իսկ կասկածը, որ հնարավոր է՝ ռազմական նշանակության բեռ է տեղափոխվում տվյալ օդանավով, մենք միշտ պետք է ունենանք:
Կարծիք կա նաև, որ Ադրբեջանի կողմից մեր օդային տարածքի օգտագործումը բաց երկնքի քաղաքականության հետևանքն է։
Իրականում, սակայն, ինչպես նշում են ավիացիոն ոլորտի շատ մասնագետներ, բաց երկնքի քաղաքականություն ասվածը տարանցիկ թռիչքների հետ որևէ առնչություն չունի, և այն միայն մեր երկրի տարածքը առանց սահմանափակման օգտագործման տալու իրավունքի մասին է: Խոսքը թռիչքային տարբեր աստիճանի ազատությունների մասին է, բայց ոչ տարանցիկ թռիչքների: Այնպես որ, այդ տեսակետը թյուրըմբռնման արդյունք է: