Ադրբեջանը սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել ուղևորաչվերթներ իրականացնելու նպատակով. TASS

Ռուսական ТАСС գործակալության տեղեկացմամբ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» Բաքվից Նախիջևան ուղևորաչվերթներ են իրականացնելու: Ռուսական գործակալության համար որպես աղբյուր է ծառայել ադրբեջանական նշված ուղևորափոխադրողի՝ այսօր հրապարակած հաղորդագրությունը:

««Ադրբեջանական ավիաուղիները» Բաքու-Նախիջևան ներքին չվերթներ իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Այս քայլը ի ցույց է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում, ինչը բխում է սահմանակից բոլոր երկրների շահերից»,- ասված է հայտարարության մեջ:

Ավիաընկերությունը նշել է, որ նոր երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: AZAL-ում նաև ճշգրտել են, որ Հայաստանի և Իրանի տարածքով չվերթները կիրականացվեն զուգահեռաբար:

Երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները փակել են դեպի Նախիջևան օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատեխնիկական ավիացիայի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի պաշտպանական գերատեսչությունում իրենց աղբյուրներին, հայտարարել են, որ այս արգելքը չի ազդի Ադրբեջանի զինված ուժերին ռազմամթերք մատակարարելու գործընթացի վրա:

Կայքը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ֆորմալ կերպով իրենց օդային սահմանները չէին փակել երկու երկրների ավիաընկերությունների համար: Եվ այնուամենայնիվ, 90-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի պատճառով ադրբեջանական և հայկական ավիափոխադրողները չեն օգտվել միմյանց օդային տարածքներից:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս