«Վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների պատմամշակութային ժառանգությունը». ՀՀ-ում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ»՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի մասնակցությամբ։

Բացման խոսքում Թագուհի Թովմասյանը նշեց, որ քննարկումը, որին  քիչ մարդ է մասնակցում, վկայում է, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ։

«Մենք նկատում ենք, որ փորձ է արվում Արցախ բառը հնարավորինս քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում, էլ չասեմ Արցախի հարցին ու Արցախին առնչվող խնդիրները։ Ստացվում է, որ մենք պատերազմից մեկ տարի անց ունենք հնարավորություն, տրամադրություն գունագեղ ու այլ միջոցառումներ կազմակերպելու, բայց Արցախին առնչվող հարցերի մասով մենք առնվազն կաղում ենք։ Մեր այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի մենք ցույց տանք, որ խորհրդարանում կան մարդիկ և ուժեր, որոնք շարունակում են Արցախը համարել արժեք»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակում առաջնային խնդիրներից է հայ բնակչության գոյության ապահովումը։

«44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում են անհետ կորած, սպանվել է  80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հատվածների հետևանքով, գերեվարված են 38-ը։ Պատերազմի արդյունքում ունենք 42 հազար տեղահանված, որոնցից 38 հազար 154 քաղաքացի զրկվել է  բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15 հազարը գտնվում են Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի այլ շրջաններում, 1960 մարդ էլ ապրում է հյուրանոցներում»,- շեշտեց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը։

Քննարկման մասնակիցներին նա տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան տեղահանվածների համար, այս ծրագրում ներառվում են այն բնակարանները, որոնք բնակեցված չեն։ Պատերազմի հետևանքով թշնամուն են անցել 192 բնակավայր, որից 185-ը գյուղ է, 7-ը՝ քաղաք։

«Արցախի Հանրապետությունն այս պահին ունի բնակֆոնդի ավելացման սուր կարիք, որոշ ծրագրեր արդեն իսկ մեկնարկել են։ Պատերազմի հետևանքով մեծ վնաս են կրել Արցախի ենթակառուցվածքները, լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված։ Պատերազմի հետևանքով լրջորեն տուժել են 1226 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված այդ տարածքներում։ Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսը պատերազմի արդյունքում անցել է թշնամուն։ Ենթակառուցվածքներից տուժել են նաև ջրագծերը։ Լուրջ վտանգի տակ է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների պատմամշակութային ժառանգությունը, վտանգված է մոտ 2000-ից ավելի հուշարձանի ճակատագիր, այդ թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 123 խաչքար։ Արցախի կորցրած տարածքներում են մնացել 127 գրադարաններ, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով»,- նշեց Սերգեյ Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս