«Եթե Ձեզ թվում է՝ պետք է զբաղվենք միայն այդ մի ճանապարհով, չշնչենք, չարտաշնչենք…». նախարարն առաջարկում է չդրամատիզացնել ստեղծված իրավիճակը
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ շատ անհանգստացած են Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելու և այն փաստի առնչությամբ, որ նրանք կանգնեցնում, ստուգում, մաքսատուրք են գանձում իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդներից:
«Համարում ենք, որ այդ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին, զբոսաշրջությանը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ՝ խուսափում են գալ: Ես գիտեմ, որ մեր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն, կարելի է ասել, իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու համար: Բնականաբար, պատերազմից հետո մինչև նորմալ կյանքի անցնելն այսպիսի պրոբլեմներ կլինեն, ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները, որ դրանք հնարավորինս քչանան և, ի վերջո, վերանան»,- ասաց Քերոբյանը:
Լրագրողի հարցին, թե նախարարի համար սպասելի՞ էին նման զարգացումները, քանի որ խորհրդարանի իր գործընկերները պնդում են, թե իրենց համար սա անսպասելի էր:
«Գիտեք, ես մասնակցել եմ պատերազմին և, բնականաբար, շատ ավելի լավ պատկերացնում եմ, թե ինչե՞ր կարող էին լինել, և թե ինչի՞ է էս ամեն ինչն արվում էսկալացիան մարելու համար, այսինքն՝ մեր գործողություններով մենք փորձում ենք էսկալացիա թույլ չտալ և միաժամանակ խնդիրները հերթով, հետևողականորեն լուծելով՝ գնալ առաջ: Խնդիրները գոյանում են, բայց հետո էլ լուծվում են, պետք է ուղղակի սառնասրտորեն և հետևողականորեն այդ խնդիրները լուծել ու առաջ գնալ, ամեն ինչ անել, որ դրանք, ըստ էության, վերանան, վերադառնանք նորմալ կյանքին»,- ասաց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դա հեշտ չէ.
«Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ, պրոբլեմներ է ստեղծում, բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է»:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր չէր նույն կերպ հրատապ կարգով, ինչպես ԱԺ որոշմամբ բարձրացվեց պատգամավորների ծախսերի համար անհրաժեշտ գումարի չափը, փոփոխվեր «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որին անընդհատ հղում են անում իշխանությունները՝ պնդելով, թե այս օրենքի համաձայն՝ Կապան-Գորիս ճանապարհի վերոհիշյալ հատվածը պատկանում է Ադրբեջանին, Քերոբյանն արձագանքեց.
«Եթե Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնացնենք, ոչինչ չանենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով, չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք և այլն… պետք է այդ բոլոր խնդիրները լուծել, բայց բացի այդ խնդիրները լուծելուց՝ գոյություն ունեն նաև շատ-շատ այլ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծել… ասել, որ պետք է լուծել միայն մեկ խնդիր և մնացածն ուղղակի պետք է մոռանալ, ճիշտ չէ, որովհետև այդ խնդիրը լուծելու համար մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, պետք է ունենանք աճող արտահանում և այլն… աշխատում ենք լուծել բոլոր հարցերը՝ առանց էսկալացիայի տարբերակը դիտարկելու այս պահին, որովհետև տեսնում ենք առանց էսկալացիայի գնալու խնդիրները լուծելու ճանապարհ»:
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Քերոբյանը «նորմալ կյանքին վերադառնալը», այլ խնդիրներ լուծելն այն պարագայում, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր երկրի սահմաններից ներս, ոստիկանական կետ են տեղադրում մեր ճանապարհներին: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարը հորդորեց տեղի ունեցողը չդրամատիզացնել:
«Մոտ երկու շաբաթ առաջ, երբ նախորդ ինցիդենտը եղավ և հետո լուծվեց, էլի մի օգտատեր ինձ գրել էր՝ «այսպես ո՞նց կլինի ապրել, ամեն ինչ քանդվում է», բայց կես ժամ հետո այդ նույն մարդու սթորիներին որ նայում ես, քեֆերի մեջ է զուգահեռ: Վերադառնամ Ձեր հարցին, Դուք էսօր նորմալ քնե՞լ եք, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, չեք ապրե՞լ երեկ… երբ այդպես դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում, նաև մի հատ Ձեզ նայեք, տեսեք՝ Դուք ի՞նչ եք արել, այդ նույն դրամատիզմո՞վ եք ապրել, պարզ է, մենք բոլորս ապրում ենք, ես երեխաներ ունեմ, դուք էլ ունեք, բոլորն էլ նորմալ կյանքով ապրում են, և դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս, պետք է սառնասրտորեն վերաբերվել: Կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, խնդիրն առաջանում է, հետո լուծվում»,- ասաց Քերոբյանը և նկատեց, որ որոշ հարցեր ավելի արագ են լուծվում, որոշները՝ ավելի դանդաղ, սակայն բանակցություններ տեղի են ունենում անընդհատ, տարբեր մակարդակներում:
Լրագրողի նկատառմանը, որ իրենք պաշտոնյաներ են, և իրենց պատասխանատվությունը պետության նկատմամբ ավելի մեծ է, նախարարն արձագանքեց, որ այդ պատճառով ինքն օրական 15 ժամ է աշխատում:
Կարո՞ղ է ստեղծված խնդիրների հետևանքով Իրանը որոշի դադարեցնել իր ապրանքների արտահանումը դեպի Հայաստան, և ունենանք որոշ ապրանքների դեֆիցիտ:
«Շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը: Չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա, իհարկե, խոչընդոտ է առաջացել, վստահ եմ, շատ մոտ ապագայում այդ խոչընդոտը կհաղթահարվի, բայց դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ, որը լավը չէ, բայց աշխատող է, վատագույն դեպքում պլան Բ-ն ունենք: Իրանական բեռնատարները կարողանում են հաղթահարել այդ ճանապարհը: Հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որ այդ ճանապարհը դառնա ավելի հարմար անցնելու համար, ինչպես նաև գիտեք, Հյուսիս-Հարավի Քաջարան-Սիսիան հատվածի վերաբերյալ արդեն շատ մոտ ենք գործնական խոշոր քայլեր անելուն: Կառավարությունը նախատեսում է մոտ 1 մլրդ դոլար՝ 487 մլրդ դրամ, ներդնել այդ հատվածի շինարարության համար»,- ասաց Քերոբյանը: