Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը սենսացիոն չէր, քանի որ Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի գործունեությունը ցույց էր տալիս, որ նա պատրաստվում է քաղաքականությունը լքել: Galatv.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու հանգամանքը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վկայակոչած տարիքը ոչ թե պատճառ էր, այլ առիթ, որպեսզի նման որոշում կայացներ: «Ես գտնում եմ, որ դա ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Ես` որպես պատմաբան, կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն էլ գիտի, որ առիթը պետք է տարբերել պատճառից: Առիթն այլ բան է, պատճառը` այլ: Պատճառն այն էր, որ 2007-2008 թվականներին այն մասսայականությունը, որ ուներ նա, հիմա այլևս չունի, ինչը ինքը շատ լավ հասկանում է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
«Եթե առաջին նախագահը նոր է խոսում տարիքի մասին, ապա թույլ տվեք պարոն Տեր-Պետրոսյանին հիշեցնել, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն, օրինակ, աշխատել է մինչև 75 տարեկան: Այսօր Իսրայելի նախագահ Սիմոն Պերենսը 80-ն անց է և այլն, այնպես որ, էլի եմ կրկնում` տարիքը պատճառ բերելը, կարծում եմ, էդքան էլ լուրջ չէ»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակը:
«Տեր Պետրոսյանը` որպես գրագետ մարդ, հասկացավ, և կարդացած լինելով Շիլլերին` շատ լավ գիտեր, որ մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը: