ՀԱՊԿ-ում հայտարարել են Աֆղանստանից սպառնալիքներին դիմագրավելու պատրաստականության մասին
ՀԱՊԿ-ն պատրաստ է դիմագրավել Աֆղանստանից եկող բոլոր հնարավոր սպառնալիքներին: Այդ մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, սեպտեմբերի 9-ին հայտնել է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Այժմ ամբողջ աշխարհին անհանգստացնում է, թե ինչպես է զարգանալու իրադրությունն Աֆղանստանում եւ նրա շուրջ: Մենք բոլորս գիտենք, որ կան պետություններ, մեր կազմակերպության անդամներ, որոնք անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին… Ես կարծում եմ՝ մեր խնդիրն է՝ պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման: Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ուղղվածությունն է:
Մենք չենք մոռացել այն մասին, որ խնդիրներ գոյություն ունեն մեր պետությունների՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այնտեղ անկայուն է: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիմագրավելու բոլոր սպառնալիքներին»,-հայտարարել է նա՝ հանդես գալով Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ժամանակ: Խոսելով անցկացված վարժանքների մասին՝ միավորված շտաբի պետն ընդգծել է, որ դրանք անցել են հաջողությամբ եւ արժանի են բարձր գնահատականի:
«Ե՛վ ղեկավար մարմինները, ե՛ւ անձնակազմը ցուցաբերել են ուսուցողականության, կարգավորվածության բարձր մակարդակ, բոլորը ձգտել են դրսեւորել իրենց լավագույն որակները, եւ, ըստ իմ գնահատման, դա հաջողվել է»,-ամփոփել է Սիդորովը: ՀԱՊԿ-ի հաջորդ վարժանքները կանցկացվեն հոկտեմբերին, Տաջիկստանում՝ անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հայտնել էՍիդորովը:
«Մենք, բացի արագ ծավալման հավաքական ուժերից, ունենք օպերատիվ հակազդման ուժեր. դա մեր կազմակերպության էլ ավելի հզոր բաղկացուցիչ մասն է: Հենց նրա հետ էլ մենք հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնենք Տաջիկստանի զինափորձարաններում, անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



