«Նման գործողություններն Ադրբեջանին խրախուսում են ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբերի 7-ին Հայաստան վերադարձան հուլիսի 14-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված երկու զինծառայողներ՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Երկու զինծառայողների հետ Սև լճի տարածքում կապն ընդհատվել էր հուլիսի 14-ից, Ադրբեջանը պաշտոնապես չէր հայտարարել, որ երկու զինծառայողներին գերեվարել է։

Հայկական կողմը երկու հայ զինծառայողների փոխարեն՝ թշնամուն հանձնել է Ջամիլ Բաբաևին, ով օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանը, մտել Արցախի Հանրապետության Մարտակերտի տներից մեկը և երկու ժամ 2 անչափահաս երեխաներին արգելել դուրս գալ տանից։ Երկու ժամ անց, երեխաներից մեկն առաջարկել էր գնալ խանութ և նրա համար ծխախոտ գնել, որից հետո դուրս էր եկել և զանգահարել ոստիկանություն։

168.amի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ է հայ երկու զինծառայողների ու սահմանից ներխուժած ադրբեջանցու միջև հավասարության նշան դնել՝ այդ երևույթը խստիվ դատապարտվում է միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Ես ուրախ եմ մեր երկու տղաների վերադարձի համար, կհորդորեի, որպեսզի նրանց հետ երկարատև վերականգնողական ու հոգեբանական աշխատանքներ տանեն։ Իհարկե, չի կարելի երկուսի միջև հավասարության նշան դնել։ Այստեղ կա ևս մեկ խնդիր, մենք այդպես էլ չիմացանք՝ սահմանը հատած ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ հոդվածով։ Առաջին անգամ չէ, երբ Հայաստանն այդպես է վարվում, և պետք է հիշեցնեմ, որ հենց դրանից է սկսվել Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը։

Խոսքը վերաբերում է ադրբեջանցի այն երկու հանցագործներին, որոնք երկու հայի էին սպանել, ընդ որում, մեկը՝ անչափահաս, նրանց նոյեմբերի 9-ից հետո հանձնեցին Ադրբեջանին։ Սա դառնում է  շատ դատապարտելի ավանդույթ, և պետք է ասեմ, որ նման գործողությունները խրախուսում են Ադրբեջանին ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա,  Մարտակետում ադրբեջանցու ներխուժման հետևանքով,  բարեբախտաբար, զոհեր չեղան, սակայն Ադրբեջանին հանձնած երկու մարդասպանները սպանել էին երկու մարդու, որոնցից մեկը 17 տարեկան էր, հենց այս տեսանկյունից է, որ միջազգային իրավունքը դատապարտելի ու արգելված է համարում հավասարության նշան դնել մարդասպանների և ռազմագերիների միջև։

«Բացարձակապես ես չգիտեմ, թե հայկական կողմը հայ ռազմագերիների հետ կապված ինչ է անում՝ պետական մակարդակով։ Մենք հասկանում ենք, որ տեղի են ունենում շարունակական անօրինական և հակամարդկային վերաբերմունք մեր գերիների նկատմամբ։ Համոզված եմ, որ նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանն իր բարձր պաշտոնական մակարդակում չի ձեռնարկել անհրաժեշտ և պատշաճ քայլեր, որպեսզի այսօր՝ պատերազմից 10 ամիս անց, չխոսեինք այդ խնդրի մասին։ Համոզված եմ նաև, որ չեն արվել պահանջված լայնածավալ աշխատանքներ, ավելին՝ այդ փաստաթղթով տարածքներ են հանձնվել թշնամուն, որտեղ դեռ կանգնած էին մեր տղաները։ Այսինքն՝ թշնամուն տարածք են հանձնել մարտնչող, ողջ մարտիկների հետ միասին, սա իրապես հանցագործություն է։ Որևէ տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչու նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ չի ասվել, որ 2-3 շաբաթ տրամադրվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հսկողության ներքո, որպեսզի դուրս բերվեն մեր ջոկատներն այն տարածքներից, որոնք այդ փաստաթղթով տրվել են թշնամուն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք այնպիսի քայլեր, որոնք ամբողջովին դատապարտելի են»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս