«Նոյեմբերի 9-ը ցույց տվեց, որ Նիկոլի թիմում էլ կարող են արտահոսքեր լինել՝ նա շատ լավ հասկանում է». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ օգոստոսի 25-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպերին։
«Քաղաքական նպատակը զուտ ուժի ցուցադրությունն էր՝ քաղաքական դաշտի համար, ոչ թե հանրային։ Ուժի ցուցադրություն նաև այն առումով, որ սեփական թիմի վրա էլ Նիկոլը լիարժեք վստահություն չունի, սա ևս սեփական թիմին այսպես գործընթացների մեջ ներգրավելը և նրանց ևս հետագա անցանկալի երևույթների միջով անցկացնելը։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ը ցույց տվեց, որ Նիկոլի թիմում էլ կարող են արտահոսքեր լինել, և նա շատ լավ հասկանում է, որ հատկապես առաջիկայում պետք է տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծում, իշխանության վիճակը բոլորովին էլ երանելի չէ, ժողովրդի լեզվով ասած՝ բավականին «խախուտ» է, և ցանկացած պահի նաև որոշակի զարգացումներ կարող են լինել։ Տեսնում ենք, որ իշխանության ներսում էլ են ձևավորվում թիմեր, որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք շաղկապվում են արտաքին որոշակի քաղաքականության հետ»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա, այդ գործընթացները, որպես կանոն, լատենտ են, և այն կազմում է ներքաղաքական կյանքի մի մասը։ Նրանք այս զարգացումներով միևնույն ժամանակ փորձում են մաշեցնել նաև ընդդիմությանը, որը բավականին մեծ կապիտալով է մտել խորհրդարան։ Հետևաբար՝ իշխանությունը տարբեր եղանակներով փորձելու է հեղինակազրկել ու նվազեցնել ընդդիմության դերը։
«Միայն այն հանգամանքը, թե ինչ սցենարներով նրանք ընտրեցին ընդդիմության թեկնածուներին՝ ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներին, խոսում է այդ մասին։ Ընդդիմության՝ բովանդակային ցանկացած խոսքից հետո իշխանությունն այդ ելույթի ամբողջ ընթացքը վերածում էր սկանդալի, հասարակության ուշադրությունը շեղելով այդ սկանդալի վրա։ Այդպես է լինելու, սրանց առջև խնդիր է դրված, այլապես դրանք չէին վերընտրվի, դրանում անձամբ ինքս ավելի ու ավելի համոզվում եմ, այլապես պատմության մեջ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած ոչ մի իշխանություն ոչ միայն չի գնում ընտրության և անհրաժեշտ ձայներ հավաքում, այլ քաղաքական զարգացումներից շատ սահուն կերպով դուրս է մնում։ ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են Հայաստանի դերը Հարավային Կովկասում տարբեր առումներով նվազեցնել։ Այսինքն՝ այն դերը, որն ուներ Հայաստանը 1994 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը՝ խլված է, և Հայաստանն այլևս անվտանգություն արտադրող երկիր չէ, նրա քաղաքացին, տնտեսությունն անվտանգ չեն, մշակութային և հոգևոր կյանքը՝ նույնպես, շուտով տեսնելու ենք նաև մշակութային էքսպանսիա Հայաստանի նկատմամբ, պատմության կեղծման նոր ալիք»,- հավելեց Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա, պետք չէ ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե երբ այդ ամենը տեղի կունենա, կարևոր է հասարակության իմունային համակարգի ձևավորումը, որն ընդդիմության խնդիրն է, որը, ցավոք, լիարժեք առողջ զարգացումների մեջ չէ, որովհետև նման իրավիճակներում ընդդիմությունը պետք է միասնական դիրքորոշում հայտնի։
«Եթե վաղը-մյուս օրը Հայաստանը կորցնի վերականգնվելու կամ ապաքինվելու հնարավորությունները, ապա այլևս նշանակություն չի ունենա, թե ով է գալու իշխանության և երբ է գալու»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում