«Իշխանությունը գնար Արցախ՝ ի՞նչ աներ, երևի «սյունիքյան բարևով» դիմավորեին իրենց». Ռուբեն Հակոբյան

Այսօր Արցախի Հանրապետությունը նշում է իր անկախության 30-ամյակը: Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն այսօր ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ հիմա էլ ունենք գրեթե նույն իրավիճակը, ինչ այն ժամանակ, երբ Արցախն անկախացավ:

«Ինչքան էլ տարօրինակ թվա՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ը շատ նման է մեր այս օրվան: Անել վիճակում էինք, այդ ժամանակ Արցախն անել վիճակում էր: Մի քանի ամիս առաջ՝ գարնանը, տեղի էր ունեցել «Օղակ» օպերացիան, ԼՂԻՄ տարածքի մոտ 60 տոկոսը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, հիշում եմ, որ 24 գյուղ ընդհանրապես այդ օպերացիայի հետևանքով մենք կորցրինք, անել վիճակ էր, և այդ պահին այդ անելության մեջ մեկ էլ լսում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեն և Շահումյանի շրջանային խորհուրդը հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կոնտրաստը հասկանո՞ւմ եք, այդ պահին դա թվում էր՝ կարելի է գրոտեսկային բան համարել… Անսպասելի էր, «անել» որ ասացի, այսօրվա մեր վիճակը նույն 91թ.-ի սեպտեմբերի 2-ի իրավիճակն էր, այն ժամանակ էլ էր անել թվում, հիմա էլ է թվում անել: Չեմ ուզում էմոցիա գողանալ, բայց ես շուտ հիասթափվողներից չեմ, ոչ էլ էդ «բայղուշությունը» որ կա, որ արդեն կործանվել ենք, չկանք՝ այդպես չէ»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ միայն մեկ տարբերություն կա 1991թ․ և 2021թ․ սեպտեմբերի 2-ի միջև՝ այն ժամանակվա իշխանությունը և՛ Հայաստանում, և ՛ Արցախում այսօրվա իշխանության հակապատկերն էր:

«Այն ժամանակ իշխանությունը չէր գոռում՝ «ապագա կա», չգիտեմ՝ ինչ կա, «խաղաղություն կա», այն ժամանակ արձանագրում էինք հաղթանակները, նոր ասում էինք: 1993թ․, կարծեմ, ապրիլի 5-ն էր, որ Օմարի վրա եռագույնը ծածանվեց, ոչ ոք չէր հավատում, ով աշխարհագրական դիրքը պատկերացնում է՝ կհասկանա, որ չգիտեմ՝ ինչ պետք է արվեր, որ կարողանայինք գրավել, ազատագրել, ոչ ոք չէր խոսում այդ մասին: Մենք միայն արձանագրում էինք հաղթանակ, ոչ թե ասում էինք՝ ի՞նչ պետք է անենք, ինչ-որ գլուխ գովալ, էմոցիա: Այդ ժամանակվա և այսօրվա իշխանությունների միջև որակական շատ տարբերություն կա»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ և՛ 1990-ականներին, և՛ այժմ մենք արժանի ենք այն իշխանությանը, որն ունենք:

«Այդ հաղթող ժողովուրդը կամաց-կամաց մաշեց իրեն և ծնեց այսպիսի հրեշի, որը գլխատեց մեր արժանապատվությունը, պետությունը: Մենք արժանի ենք այսօր այն վիճակին, որը կա, երբեք որևէ մեկին չեմ մեղադրել… դավադրության տեսություններին դեմ եմ, բայց ես արդեն կարող եմ մտածել, որ հստակ դավաճանություն է եղել, որ մեր ղեկավարությունը դավաճանել է, վաճառել է, ծախել է Արցախը, որովհետև որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տալիս, թե այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ, որ Ռուսաստանի նախագահը, ինքն իր հարցազրույցում էլ է ասել, դիմեց, ասաց՝ եկեք կանգնեցնենք պատերազմը, բայց իր համար անհասկանալի պատճառներով՝ շարունակվեց: Կարող է ինչ-որ բան կա՝ չգիտենք, բայց այն, ինչ այսօր տեսնում ենք քաղաքական, դիվանագիտական հարթության վրա, այն փաստարկները, որ կան, ես իրավունք ունեմ, բոլորը իրավունք ունեն մտածելու, որ այստեղ տեղի է ունեցել դավաճանություն մեր իշխանությունների կողմից»,- ասաց Հակոբյանը:

Նա վստահեցնում է՝ մեր ազգին բնորոշ են հաղթանակները, և այս մթնոլորտը, որ տիրում է այժմ, երկար չի տևելու:

«Այս արժեքային համակարգը, որ այս իշխանությունը բերել է, չեմ կարծում, թե երկար կտևի, ուղղակի ցանկությունս այն է, որ հնարավորինս շուտ կարողանանք ազատվել: 1000 հատ վիժվածք լինի, չի կարող կործանել Հայաստանը, ես այն կարծիքին չեմ, որ կործանվել ենք, չկանք, բայց անդունդը խորանում է»,- ասաց Հակոբյանը:

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ հաղթանակներ կերտած սերունդն այս անգամ չկարողացավ կանխել Արցախում տեղի ունեցած աղետը, ինչո՞ւ ժողովուրդը չգնաց նրանց հետևից, Ռ․ Հակոբյանը պատասխանեց, որ դա հասկանալու համար շատ մանրամասն պետք է ուսումնասիրել վերջին 30 տարիների մեր կյանքը:

«Դուք երբևէ կմտածեի՞ք, որ քաղաքական ինչ-որ լոպազ կղեկավարեր ԱԺ-ն, կմտածե՞իք, որ մեր երկրի ղեկավարը կլիներ տգետ, վիժվածք, որը կարող էր կուլ տալ դե ֆակտո կայացած պետությունը, երկրորդն էլ՝ մաս-մաս, փողոց առ փողոց հանձներ թշնամուն: Ես որ հիշում եմ Գերագույն խորհուրդը՝ իր արժեքային համակարգով, ինտելեկտով, ու հիշում եմ հիմիկվա ԱԺ-ն, սարերի և ձորերի տարբերություն է»,- ասաց Հակոբյանը:

Այսօր ՀՀ կառավարությունից Արցախ չեն մեկնել: Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր էր նման բան պատկերացնել, որ Արցախի Հանրապետության հռչակման օրը մեր ԱԺ ղեկավարը, վարչապետը, նախագահը չլինեն Արցախում, Հակոբյանն արձագանքեց.

«Գնան՝ ի՞նչ անեն: Երեկ նայեցի Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները որ ելույթ ունեցան՝ ծափահարեցին, իշխանության ներկայացուցիչը որ ելույթ ունեցավ՝ ոչ մի արձագանք չեղավ: Իրենք գնային՝ ի՞նչ անեին, շատ ներողություն, երևի «գորիսյան, սյունիքյան բարևով» դիմավորեին: Իր կերպարն այսօր դա է: Իրենք երես չունեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս