Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին ակտիվորեն համագործակցել փախստականների խնդիրները լուծելու հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Աֆղանստանում իշխանությունը թալիբների կողմից զավթելուց հետո միգրացիոն հոսքի դեմ պայքարի համար:
«Անհրաժեշտ է այդ հարցի շուրջ բազմակողմանի որոշում կայացնել, եւ ԱՄՆ-ն պետք է իր դերը խաղա: Եթե անգամ նրանք առաջինը չլինեն, ով զգում է միգրացիոն ճնշում, դրա պատճառը թաքնված է որոշման մեջ, որում նրանք դերակատարում ունեն»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Մակրոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել Աֆղանստանի հարեւան երկրներնում փախստականների հարցում իրավիճակը:
Նախագահը կոչ է արել լրջորեն մեծացնել նրանց ապաստանի եւ լավ պայմաններով ապահովելու ֆինանսավորումը Եվրոպայում անօրինական միգրանտների նոր հոսքից խուսափելու համար:
Ֆրանսիայի առաջնորդը նաեւ ակնարկել է, որ Վաշինգտոնն ազնիվ մոտեցում չի ցուցաբերում՝ կոչ անելով համեմատել տարհանվածների տվյալները: «Երբ ամերիկացիներն ասում են, որ դուրս են բերել հազարավոր մարդկանց, խոսքը չի վերաբերում, որ նրանք անմիջապես կընդունեն այդ աֆղանցիներին իրենց տարածքներում: Մենք տեսել ենք՝ ինչպես են նրանք Եվրոպա ժամանում»,-նշել է նա:
Նա պատմել է, որ աֆղանների հետ առաջին ամերիկյան չվերթներն արդեն ժամանել են Ալբանիա եւ Ուգանդա, եւս մի քանիսն ակնկալվում են Կոսովոյում ու Հյուսիսային Մակեդոնիայում:
«Եկեք ազնիվ լինենք՝ ոչ բոլոր աֆղանցիները պարտադիր կհայտնվեն ԱՄՆ-ում, մի քանիսը կփորձի հայտնվել ԵՄ-ում: Անհրաժեշտ է խոսել մեր ամերիկացի ընկերների հետ այդ փախստականների առավել հումանիստական ընդունելությունը կազմակերպելու եւ պետությունների միջեւ քաղաքական լարվածությունից խուսափելու համար»,-նշել է Մակրոնը: