«Գիտեմ՝ Ադամի հետ հանդիպելու եմ․ կասեմ՝ մինչ հանդիպում»․ Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 25 տարեկան
Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Ադամ Սահակյանի ծննդյան 25-ամյակի առիթով նրա շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, նաև մարդիկ, որոնք Ադամին ճանաչել են նրա զոհվելուց հետո միայն։
Հերոսի մայրը՝ Գայանե Անտոնյանը, 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադամի մասին շարունակում է ներկայով խոսել, տպավորություն է, որ նա ողջ է, թեկուզ այն պատճառով, որ որդու ծննդյան օրվա կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում։
«Ես միշտ մտածում եմ, որ ինքը ողջ է, և դրա ապացույցն էր, որ դեռ օրը չէր փոխվել՝ բազմաթիվ շնորհավորանքներ ստացա։ Ես գիտեմ, որ Ադամի հետ հանդիպելու եմ և երևի թե կասեմ՝ մինչ հանդիպում, թող մնա խաղաղ իր երկնային արքայության մեջ։ Ինձ մեկը հարցրեց՝ Ադամն այս պահին ամենաշատը ի՞նչ կուզեր, ես կարծում եմ՝ ինքը կուզեր, որ խաղաղություն լիներ մեր երկրում, և մեր սահմաններն անսասան լինեն, մեր փոքրիկ երկիրը մի գեղեցիկ օր դառնա դրախտավայր․․․»։
Տիկին Գայանեն պատմեց, որ առավոտյան մի անծանոթից Ադամին ուղղված նամակ է ստացել, «Դու ողջերից էլ ողջ ես, մենք բոլորս անցնելու ենք, բայց դու հավերժ մնալու ես», գրված էր նամակում, մեզ փոխանցեց հերոսի մայրն ու շարունակեց․
«Երևի կկրկնեմ այդ նույն միտքը, որ շատերը կանցնեն, կգնան, բայց Ադամը հավերժ է մնալու, և կրկին շնորհավորում եմ իր ծնունդը»։
Տիկին Գայանեն հիշեց նաև նախորդ տարի այս օրը Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի Ադամ Սահակյանի անունը կրող դպրոցում կազմակերպված միջոցառումը: Հետո ցավով ու ափսոսանքով նշեց, որ արցախյան վերջին պատերազմից հետո դպրոցն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Երեկ, երբ դպրոցի տնօրենը ֆեյսբուքյան էջում տարածել էր այդ միջոցառման մասին պատմող տեսանյութը, չի կարողացել զսպել հուզմունքը․
«Այնքան մեծ հուզմունք եմ ապրել, ինձ մի պահ թվաց, ոնց որ Ադամին նորից տարան ինձանից, նորից վերապրեցի այդ ամենը, որովհետև այդ ամենը հիշեցնում էր իրեն․․․ Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ այդ ամենը կվերականգնվի, ապրենք այդ գեղեցիկ հույսերով, վերադարձնենք մեր տարածքները, և կվերաբացվեն մեր տղաների անուններով դպրոցներ և այլ կրթօջախներ»։
Ադամի ընտանիքի բարեկամ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծանոթացել Ադամի ընտանիքի անդամների հետ.
«Մինչև ապրիլյան քառօրյա պատերազմն Ադամին չեմ ճանաչել, բայց դրանից հետո, երբ իմացա Ադամի մասին, Ադամի սխրագործության մասին, շատ մեծ ցանկություն առաջացավ նրա ընտանիքի հետ ծանոթանալու, մտերմանալու և բարեկամանալու և վերջապես ճանաչելու հերոս Ադամ Սահակյանին․․․ Այսօր եկել ենք Եռաբլուր Ադամի 25-ամյակը շնորհավորելու։
Հավերժ փառք թող լինի նրան, Ադամի ծնունդը թող շնորհավոր լինի, թող երկնային կյանքում նա գտնի իր տեղը, թող Աստված նրան միշտ լույսերի մեջ պահի․․․»։
Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետ։
Ադամը զորակոչվել էր 2015 թվականին, ծառայում էր Արցախում՝ Ջրականում, 112-րդ դիրքի ավագն էր, 2016-ի ապրիլին հերոսաբար զոհվել է մարտական դիրքում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում