Բաժիններ՝

Տղամարդը կալանավորվել է՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ և շփման ընթացքում տեղեկանալով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 0.009 հա մակերեսով հողամասի մասին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հիշյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն իր կողմից նշված ծանոթին հանձնելու անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել: Վերջինս էլ տեղյակ լինելով, տղամարդու կողմից նախկինում կատարված մի շարք հանցագործությունների մասին, իրեն հանգիստ թողնելու համար համաձայնել է նրա պահանջներին և 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ ձևակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 15.000.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է այն, սակայն որևէ գումար դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում 39-ամյա տղամարդը շորթմամբ հաշփտակել է առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ հողամասը:

Բացի այդ, 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ ընդհանուր 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանյան բանկերից մեկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.094.875 ՀՀ դրամ գումար:

Այնուհետրև, 2019թ. դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելով ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձին, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված և հրազեն հանդիսացող ատրճանակից, ներկա գտնվող անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելով, մի քանի անգամ կրակ է արձակել՝ խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, որից հետո հաջորդ օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, նույն հրազենից անզգուշությամբ կրակ է արձակել իր ձախ ոտքին և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել է և առգրավվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս