Վահե Ղալումյանը դժվարացավ պատասխանել, թե Տավուշի մարզում կոնկրետ որոնք են «ադրբեջանական հողերը», որի մասին բազմիցս խոսել է

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը, որը  տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Տավուշում կան ադրբեջանական հողեր։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը Վահե Ղալումյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ «ադրբեջանական հողերի», կոնկրետ ո՞ր տարածքների մասին է խոսքը։

«Ինչո՞ւ եք կարծում, որ այդ ամենը մենք պետք է բանակցությունների առարկա դարձնենք, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված կետերն ամբողջությամբ կատարված չեն, երբ Ադրբեջանում ունենք ռազմագերիներ, փոխարենը՝ մենք վերադարձրեցինք նրանց հանցագործներին»,- նշեց Ագնեսա Խամոյանը։

Պատասխանելով հարցին՝ Վահե Ղալումյանն ասաց, որ արդեն երեք օր է՝ իրեն մի կերպ է զսպում, որպեսզի ԱԺ ամբիոնից այդ հարցին չանդրադառնա։

«Որքան էլ որ մեծ է գայթակղությունն այդ հարցին պատասխանել, սակայն գտնում եմ, որ այդուամենայնիվ այդ հարցն ամբողջովին հրապարակային քննարկել հնարավոր չէ։ Ուզում եմ ասել, որ դուք իմ ասածները կիսատ եք ասում, որովհետև ես նաև նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի, այն խնդիրները, որոնք այսօր կան Տավուշում, սահմանին ապրող մարդիկ շատ լավ գիտեն, ապա մանրամասնեց՝ նշելով, որ երբ 90-ականներին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռազմական գործողություններ սկսվեցին այն ժամանակ որսորդական զենքերով, իրենք ապրելով հարևան գյուղերում, խորհրդային տարիներին սահմանների մասին պատկերացումներ չեն ունեցել։

«Այդ ռազմական գործողությունները դադարելուց հետո այս պահին գոյություն ունեցող սահմանը չի համապատասխանում Խորհրդային Միության քարտեզներին, եթե մենք պարզ խոսենք, ապա մենք սրա մասին ենք խոսում։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, չէի կարող խոսել, որովհետև այդ հարցի վերաբերյալ պատկերացումն իմ մոտ այդպես չէ»,- շեշտեց Վահե Ղալումյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ օրակարգում նման հարց գոյություն չունի՝ հանձնելու, փոխանակելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս