«Շաքե Մովսիսյանն այնքան էլ թույլ ու անպաշտպան երեխա չէ». Ավետ Բարսեղյան
«X Factor» նախագծից Շաքե Մովսիսյանն այնքան էլ թույլ ու անպաշտպան երեխա չէ: 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «X Factor»-յան իրարանցումներն ու իր անվան շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցությունները, ասաց Ավետ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ավետ Բարսեղյանը «X Factor» նախագծի ժյուրիի մշտական անդամ չէ, այդ օրը նա փոխարինում էր Անդրեին:
«Այդ երեխան, որի շուրջ հավաքվել է այսքան մարդ, բացարձակ թույլ ու անպաշտպան չէ: Չեմ կարծում, որ իմ արտահայտությունը՝ «ձանձրալի կատարում», կարող էր իրեն կոտրել: Նա մեծ ագրեսիայով ու իրեն պաշտպանել կարողացող երեխա է: Եթե նա ցանկանում է շարունակել երգել, ապա պետք է պատրաստ լինի կարծիքներին»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Նա զարմացած է, թե ինչո՞ւ է իր կարծիքը նման քննարկումների առիթ դարձել՝ նկատելով, թե «Սուպերսթար» մրցույթի ժամանակ մասնակիցներին ինքն ավելի խիստ է դատել, բայց նման քննադատություններ իր հասցեին չեն եղել: «Կոնկրետ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: «Սուպերսթարի» ժամանակ, երբ ես ժյուրի էի, ավելի համարձակ ու սուր կարծիքներ եմ արտահայտել: Իսկ Շաքեին ասել՝ ձանձրալի է, և հետո կարգի բերել այդ աղջկան, չեմ կարծում, որ քննարկման արժանի է: Ես չեմ կարծում, որ այդ երեխային վնասել եմ ու ինչ-որ քար եմ գցել իր ճանապարհին: Այս ամբողջ խոսակցությունները ես կարող եմ անվանել ուղղակի փոթորիկ փոքր բաժակի մեջ»,- նշեց Ավետ Բարսեղյանը: