«Միայն կյանքն է էժան մեզ մոտ, ամեն ինչը թանկանում է». գնաճի մասին խոսում են քաղաքացիները
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021-ի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների գները:
2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, օրինակ՝ շաքարի և շաքարավազի գինն աճել է 39.4%-ով, ձվինը՝ 51.3%-ով: Մսամթերքի շուկայում ևս գնանկման դեպքեր չեն արձանագրվել: Ձկան և ծովամթերքի գներն աճել են 23.8%-ով, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7% գնաճ:
168.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցներով՝ պարզելու, թե նկատելի՞ են մեր համաքաղաքացիների համար թանկացումները, և արդյոք այս ընթացքում աճե՞լ են իրենց եկամուտները: Հարցվածների մեծ մասը գնաճ նկատել էր, եկամուտների աճ՝ ոչ:
«Մենք խանութ չենք գնում»,- ասաց մի անցորդ:
«Ես սփյուռքահայ եմ, Լիբանանից եմ եկել, 4-5 տարի առաջ գները, անշուշտ, ուրիշ էր, բայց, հավանաբար, ամբողջ աշխարհում սղություն կա, թանկացում կա: Մանրամասն չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՞նչն է թանկացել»,- ասաց մի կին:
«Ոչ, չեմ նկատել»,- ասաց մեկ ուրիշ քաղաքացի:
«Նկատել եմ: Հատկապես թանկացել է ձեթը, սնունդը: Օրինակ՝ առաջ ձեթը գնում էինք 600, կամ ամենաշատը 700 դրամով, հիմա՝ 1000 և ավելի: Թանկացումներ կան, եթե այսպես շարունակվի, լավ չի լինի»,- ասաց անցորդներից մեկը:
«Այո, հիմնականում սնունդն է թանկացել: Աշխատավարձի համեմատ՝ թանկացումը շատ է»,- ասաց մի կին:
«Չգիտեմ, չեմ նայել»,- ասաց մի քաղաքացի:
«Թանկացումներ, իհարկե, նկատել եմ, բայց ուշադիր չեմ եղել, թե կոնկրետ ինչն է թանկացել»,- ասաց մեր հարցման մեկ ուրիշ մասնակից:
«Նոր եմ եկել, չգիտեմ, նոր պետք է մտնեմ խանութներ, տեսնեմ՝ որտեղ ինչ կա»,- ասաց մի կին:
«Չեմ կարող ասել»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Պատերազմից հետո թանկացումները կան մինչև հիմա, այսինքն՝ գները չեն իջնում, անընդհատ բարձրանում են, թանկացել են, օրինակ, մսամթերքը, ձուն, կարագը, ձեթը: Աշխատավարձը հլը որ բավականացնում է»,- ասաց մի երիտասարդ կին:
«Խանութներ քիչ եմ գնում, հիմնականում ընտանիքիս անդամներն են գնում, բայց նկատել եմ թանկացում, ասեմ՝ էժանացում էլ եմ նկատել: Թանկացել է կաթնամթերքը, ձեթը, կրուպեղենը, բայց երեկ նախորդ ամիսների համեմատ 200 դրամով էժան ձեթ ենք գնել: Եկամտի ավելացում միանշանակ չենք ունեցել»,- ասաց անցորդներից մեկը:
«Ամեն ինչն էլ թանկացել ա, բայց մեկ ա, ասենք-չասենք՝ նույնն է»,- ասաց մի քաղաքացի:
«Միշտ, րոպե առ րոպե, ամեն օր, ամեն վայրկյան թանկանում է: Հիմնականում սննդամթերքն է թանկանում, եթե մեկը չթանկանա, գոնե 2 դրամով թանկանում է, ձեթը համարյա կրկնակի թանկացել է, նայած ո՞ր որակի, ո՞ր ապրանքանիշի: Միայն կյանքն է էժան մեզ մոտ, թե չէ ամեն ինչը թանկանում է: Ոչ մի բան իր տեղում չի, աշխատանք չկա, բայց գնալով ամեն-ամեն ինչ թանկանում է՝ սկսած գյուղատնտեսական ապրանքներից, բանջարեղենից, մեզ մոտ ոչ մի բան, ոչինչ իր տեղում չէ»,- ասաց մի կին:
«Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում են թանկացումներ: Ներկրվող ապրանքներից կոնկրետ շինանյութը շատ է թանկացել, բայց դրսում ևս թանկանում է: Թեթևակի թանկացումներ եղել են նաև սննդամթերքի շուկայում, բայց ձեթն էլ գիտենք, որ դրսից են բերում, այնտեղ էլ է թանկացել: Եկամուտները մնացել են նույնը»,- ասաց անցորդներից մեկը:
«Ես էնքան քիչ եմ խանութ գնում»,- ասաց մի տղամարդ:
Մեր ճշտող հարցին՝ առա՞ջ էր ավելի շատ գումար թողնում տան անդամներին առևտրի համար, թե՞ հիմա, տղամարդը պատասխանեց.
«Պիտի շատ լինի, որ շատ թողնեմ, ի՞նչ նորմալ բան կա, որ, ամեն ինչն է աննորմալ»: