Օձի բուժիչ խոտերը
Ըստ արևելյան օրացույցի` 2013թ. օձի տարի է։ Տարբեր ժողովուրդների մոտ կան բազմաթիվ հավատալիքներ, առասպելներ, նույնիսկ սովորույթներ` կապված այդ ռեպտիլիայի հետ։ Ըստ մեր ազգային հնագույն հավատալիքներից մեկի` «Օձը մտնում է հատուկ աղբյուրներ, իր շապիկը փոխում և երիտասարդանում, ուտելով որոշ ծաղիկներ»։
Հայտնի է, որ Գեղամա լեռներում, Արագածի վրա, Արտանիշի թերակղզու մոտակայքում և Վրաստանում գտնվել են քարակոթողներ, որոնցից շատերի վրա պատկերված են եղջերավոր կենդանիներ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ կենդանիների եղջյուրները պատկերված են երկու օձաձև գծերի ձևով։
Նշված հավատալիքը և պատկերները վկայում են այն մասին, որ օձը կարող էր խորհրդանշել վերածնունդ և պտղաբերություն։
Համարվել է, որ օձի նման պատկերումը, եթե այդ գծանկարներն իրոք օձեր են, կարող է կապված լինել մեր Հին Աստվածության մահացող և հարություն առնող բնույթի հետ։
Ըստ մի հնագույն առասպելի` օձի խայթոցից մահացած երիտասարդի քույրը Դամասեն անունով հսկային խնդրում է սպանել օձին։ Հսկան կատարում է աղջկա խնդրանքը, այդժամ սպանված օձի էգը կծում է Զևսի ծաղիկ կոչված բույսը, և հարություն է տալիս սպանվածին իր հետ բերած բույսով։ Աղջիկը հետևելով օձի օրինակին` հարություն է տալիս նաև իր եղբորը։
Հնագույն Առաջավոր Ասիայում պաշտվող Կիբելա աստվածուհուն պատկերում էին օձի հետ։ Այս զրույցը մեզ է հասել անտիկ ժամանակների բժիշկ Պլինիուսի միջոցով և մեծ ժողովրդականություն է վայելել Լյուդիայում։ Այդ երկրի մայրաքաղաքի դրամների վրա դրոշմել են երիտասարդի, օձի և կենարար բույսի պատկերները։
Ավելի ուշ` Ք.հ. 54թ., Կիբելայի պաշտամունքն ընդունվեց որպես պետական կրոն Հռոմում և մեծապես ազդեց այդ երկրում քրիստոնեական եկեղեցու ձևավորման վրա։ Որպես ապացույց` նշենք, որ Կիբելայի տաճարի գերագույն քուրմի և Հռոմի պապի գլխարկներն ունեն ճիշտ նույն ձևը։ Այս պաշտամունքի ծեսերից մեկի հետ է կապված նաև Նոր տարվա ծառի զարդարման սովորույթը։ Մարտի 22-27-ն ընկած ժամանակահատվածում տաճար էին բերում մանուշակներով զարդարված սոճի, որը մեկ տարի անց այրում էին և փոխարինում նոր ծառով։
Ասկլեպիոսը Կենտավրոս Խիրոնի աշակերտն էր, և, երբ տիրապետեց բժշկական վարդապետության գաղտնիքներին. նա ոչ միայն բուժում էր հիվանդներին, այլև, ըստ ավանդույթի, կարողանում էր հարություն տալ հանգուցյալներին, որի համար պատժվում է` աստվածները տանում են նրան երկինք և վերածում օձի համաստեղության։ Այդ օրվանից օձը, որն Ասկլեպիոսի ընկերուհին էր և մարմնավորում էր կյանքի անվերջանալի պտույտը` դարձավ բժշկության խորհրդանիշ։
Մեր ազգի համար պատվաբեր ակնարկով Ասկլեպիոսի մասին հիշատակել է Թովմա Արծրունին. «Երբ Արտաշեսը թագավորեց, հիշեց իր պանդխտությունը քարերի ծերպերում. նա կրկին մեկնեց այնտեղ զբոսնելուգ կառուցեց շենքեր, ամրոցի շուրջը կար ծառաշատ բազմապիսի ծաղիկների անուշ բույրով լցված բուրաստան, որը ոչ միայն ախորժելի է աչքին և հաճելի հոտոտելիքին, այլև դեղեր ստեղծելու համար` համաձայն Էսկուլապի (Ասկլեպիոսի)` բժշկական հնարիմաց վարդապետության»։
Մեր ազգը տվել է բույսերի շատ խորիմաստ անվանումներ, որոնք կապված են դրանց կառուցվածքի, քիմիական բաղադրության, բուժիչ հատկությունների, մեղրատվության կամ այլ հատկությունների հետ։
Առավել զարմանալի է մեր օրերին բնության մեջ հազվադեպ հանդիպող, Բոգ դեղին բույսի այլ անվանումներից մեկը` օձի դեղ։
Այս բույսի կյանքը սերտորեն կապված է սարերի հետ, այն կարող է աճել բարձր լեռնային գոտու անտառների վերին եզրին։ Ցողունը պարզ է, սլացիկ, մինչև 150 սմ բարձրությամբ, տերևները նստադիր են, աճում են զույգերով` 180 աստիճան անկյան տակ։ Եթե նայեք բույսի վերևից` ապա կտեսնեք, որ տերևները տարածության մեջ խաչեր են կազմում։ Ծաղիկները խոշոր են, դեղին, հավաքված տերևածոցերի մեջ, խիտ խմբերով, բույսի գագաթային մասում։
Հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է ստամոքսաբորբի, մետեորիզմի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, թոքախտի, հոդատապի, ռևմատիզմի և արթրիտի, մալարիայի, հազի, այրոցքի, դեղնախտի, լնդախտի, ալերգիայի դեպքում։ Շատ գեղեցիկ բույս է, լայն կիրառում ունի պարտեզագործության մեջ, հատկապես` որոշ եվրոպական երկրներում և Թուրքիայում, նաև մշակվում է` որպես դեղաբույս, օգտագործվում է գարեջրի և լիքյորների արտադրությունում։
Բոգ դեղինը համարվել է արևի ջերմությունը խորհրդանշող բույս, այն ընդգրկված է կելտական օրացույցներից մեկի մեջ։ Բոգ դեղինի օրերն են հունվարի 1-10-ը։
Հայտնի է, որ երկարամյա պատերազմից հետո Հուլիոս Կեսարին հաջողվեց գրավել Ղալիայի մի մասը։ Ղալերը կելտական ազգություն էին։ Այդ պատմական իրադարձությունից մոտ մեկ տասնյակ տարի անց շրջանառության մեջ դրվեց Հուլիան տոմարը (Ք.ա. 45թ. հունվարի 1-ին)։ Այդ օրը (սկսած Ք.ա. 153 թ.) նորընտիր կոնսուլները սկսում էին պաշտոնավարել։ Հուլիան տոմարը 325թ. ընդունվել է նաև Հայաստանում։
1582թ. Հուլիան տոմարը ճշտվել է։ Հոկտեմբերի 4-ին հաջորդեց ոչ թե 5-ը, այլ հոկտեմբերի 15-ը, այդ կարևորագույն պատմական իրադարձությունը տեղի ունեցավ Հռոմի պապԳրիգոր 13-ի նախաձեռնությամբ։
1918թ. Գրիգորյան օրացույցը սկսեց գործել նաև Հայաստանի և Արցախի տարածքում` ապրիլի 17-ին հաջորդեց մայիսի 1-ը։
Բրիտանական կղզիներում, որտեղ առավել պահպանված են կելտական սովորույթները, Նոր տարին նշել են մարտի 26-ին, վերոգրյալից գիտենք, որ դա Կիբելայի պաշտամունքի տոնի օրերից մեկն է, երբ հայտարարվում է, որ տանջվող, մահացող և հարություն առնող աստվածությունը կրկին գտնվում է Կիբելայի տաճարում։
Նավասարդ։ Մեր թերթի նախորդ (15.12.) համարում գրել էինք, որ կելտերի կարևորագույն տոները նշվել են փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների 1-ին։
Պատմությունից մեզ հայտնի է, որ Արևմտյան Հայաստանի Բագավան և Աշտիշատ ավաններում օգոստոսի 11-ին (1-ին) նշվում էր Նոր տարին. դա բերքի հասունացման շրջանն էր։
Հայտնի է նաև, որ Արևելյան Հայաստանում հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին նույնպես տոն է նշվել` գյուղատնտեսական և անասնապահական` «նախրաթող» շրջանի բարեհաջող ավարտը։ Նախրաթողը նշել են նաև կելտերը։
Ժողովրդական դեղատոմսեր
Ալկոհոլային թունավորում. Խառնեք 2-ական թ/գ խատուտիկի արմատ, դաղձի տերև, 1-ական թ/գ ջրառվույտի տերև և բոգ դեղինի արմատ։
30 րոպե եփեք 200 մլ ջրում` ջրային բաղնիքի վրա, 20 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Շնչառական ուղիների հիվանդություններ. Կես թ/գ բոգ դեղինի արմատը 8 ժամ թրմեք 400 մլ ջրի մեջ, քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Մարսողությունը կարգավորող. 1 ճ/գ արմարտը 8 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրով, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելու ընթացքում։
Ռևմատիզմ. Բոգ դեղինի արմատը 7 օր թրմեք օղու մեջ (1։10), քամեք։ Խմեք 10-15 կաթիլ, օրը 3 անգամ, նախքան ուտելը` 50 մլ ջրի հետ։
Ոտքերի հոգնածություն. 2 ճ/գ արմատը 10 րոպե եփեք 1 լ ջրի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք, ավելացրեք լոգանքի գոլ ջրին։ Եփուկը կիրառում են նաև տրոֆիկ խոցերի բուժման համար։
Հակացուցված է հիպերտոնիայի դեպքում, դեղին բոգից ստացված պատրաստուկները չի կարելի խմել ուտելուց հետո, չափաբաժինները խախտելու դեպքում հնարավոր է` առաջանա գլխացավ և ալերգիկ ցան։
Բոգ լաստատերևի ցողունի և տերևների կառուցվածքը նման է բոգ դեղինին, սակայն ծաղիկները կապույտ են, զանգակաձև, միայնակ նստած տերևածոցերում։ Այս տեսակի լատիներեն անվանումն է` G. asclepiadea և հավանաբար կապված է վերոգրյալ առասպելական հերոսի անվան հետ։ Աճում է բարձր լեռնային գոտու եղևնու անտառներում։
Օձի ավելուկ, օձտակ, օձի մատիտեղ
Հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Կոճղարմատը հաստ է, մինչև 15-25 սմ երկարությամբ, արտաքուստ նման է գալարվող օձի. կոճղարմատը ներսից կարմրավուն է։ Ցողունի բարձրությունը հասնում է 30-100 սմ, տերևները երկար նշտարաձև են, եզրերից կլորավուն ծալված։ Ծաղիկները բաց վարդագույն են, երբեմն` կարմիր, մորեգույն կամ սպիտակ։ Ծաղկակիր ցողունը ուղղաձիգ է, վրայի տերևները և գագաթային հասկանման ծաղկաբույլը նստադիր են։
Ծաղկաբույլի երկարությունը մոտ 10 սմ է, լայնքը` 1 սմ։ Պտուղը եռանիստ շագանակագույն ընկուզիկ է, երկարությունը` մոտ 0,5 սմ։ Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիսի սկզբին։ Աճում է անտառներում, թթվային հողատեսքերի վրա, խոնավ մարգագետիններում։
Օձտակի մատղաշ տերևներն ուտելի են։ Արմատը հավաքում են ծաղկման վերջում, այն պարունակում է մոտ 75 տոկոս օսլա. չորացնելուց հետո արմատը փոշիացնում են և խառնում ցորենի կամ տարեկանի ալյուրին։ Արմատը պարունակում է նաև մոտ 25 տոկոս դաբաղանյութեր, օրգանական էլագաթթու և գալաթթու, կատեխիններ։
Բույսի մեջ պարունակվող կապող նյութերը դանդաղ են լուծվում օրգանիզմում, այդ պատճառով բույսի պատրաստուկներն օգտակար են աղիների քրոնիկ հիվանդությունների և լուծի դեպքում։ Օձտակը մեծ կիրառում ունի գինգիվիտի, ստոմատիտի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում, կիրառվում է էկզեմայի բուժման համար։
Ոգեթուրմ. 100 գ թարմ կոճղարմատը 3 շաբաթ թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ, քամեք։ Կստացվի կարմիր գույնի, թափանցիկ ոգեթուրմ, որն ունի ցավազրկող, հակաբորբոքային հատկություն, պարունակում է 15-20 տոկոս դաբաղանյութ։ Խմեք 20-30 կաթիլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, ստամոքսի խոցի դեպքում։
Լուծ. Խմեք կես գրամ արմատի փոշի, օրը 3 անգամ։
Եփուկ. 20 գ մանրացրած կոճղարմատը 30 րոպե եփեք` եռացող ջրային բաղնիքի վրա, 300 մլ ջրում, պարբերաբար խառնեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Խորհուրդ է տրվում աղիքային հիվանդությունների սուր և քրոնիկ ընթացքի դեպքում։
Չափաբաժինները ճիշտ պահպանելու դեպքում օձի մատիտեղից ստացված պատրաստուկներն այլ հակացուցումներ չունեն։
Օձի արյուն, օձպուտ
Կանաչազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, կարճ կոճղարմատով։ Ցողունը ճյուղավոր է, 30-100 սմ բարձրությամբ։
Տերևները օվալաձև են, կտրտված եզրերով, երևացող երեսը կանաչ է, իսկ հակառակ կողմը` գորշագույն։ Ծաղկեպսակը կանոնավոր է, չորս թերթանի, թերթիկները վառ դեղնավուն են, հակառակ` ձվաձև, մինչև 1,6 սմ երկարությամբ։ Պտուղը 0,5 սմ երկարությամբ պատիճ է, սերմերը` մուգ գույնի, փայլուն։
Այլ անվանումներն են` կանթեղախոտ, ծիծեռնախոտ և այլն։ Հաճախ է հանդիպում այգիներում, բնակավայրերի մոտ։
Օձպուտը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, եթերային յուղ, ֆլավոններ, սապոնիններ, օրգանական թթուններ` խնձորի, սաթի, կիտրոնի, խելիդոնինի, բույսին բնորոշ ալկալոիդներ` մոտ 4 տոկոս` արմատներում, և 1,8 տոկոս` վերգետնյա մասում։
Զգուշացում։ Բույսի բոլոր մասերում պարունակվող նարնջագույն կաթնահյութը թունավոր է։
Օձպուտը մեծ կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։ Մի շարք երկրներում բույսն ընդգրկված է դեղաբանական ձեռնարկների մեջ։ Օգտագործվում է ավանդական բժշկության մեջ` լյարդի, լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։
Հոմեոպատները բուժում են նաև թոքախտը։ Մի շարք հայտնի բժիշկ-բուսաբույժներ կիրառել են բույսի պատրաստուկներն ուռուցքային հիվանդությունների բուժման ընթացքում։ Որպես բուժիչ հումք են ծառայում բույսի բոլոր մասերը։ Չի կարելի երկար ժամանակ գտնվել այն տարածքում, որտեղ չորացնում են հումքը, հնարավոր է` առաջանա գլխացավ և սրտխառնոց։
Կաթնային հյութը կիրառվում է կոշտուկների, պապիլոմաների և գորտնուկի վերացման համար։ Սակայն կարևոր է իմանալ, որ հյութը կարող է այրել առողջ մաշկը։
Աթերոսկլերոզ. Օձպուտի թարմ խոտը 10 օր թրմեք օղու մեջ (1։10), հաճախակի թափահարեք տարան, քամեք։ Խմեք 10-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Օգտակար է նաև հևոցի դեպքում։
Անգինա. Խառնեք 1 թ/գ եղեսպակի և 1/2 թ/գ օձպուտի խոտեր, ավելացրեք 300 մլ եռջուր, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Կատարեք ողողում։
Հ.Գ. Մոտ օրերս լույս կտեսնի Ջուլիետա Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը։
«168 ԺԱՄ»