Բաժիններ՝

«Փառք Տիրոջը, լավ եմ»․ Երասխի գյուղապետը դուրս է գրվել հիվանդանոցից

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դուրս է գրվել հիվանդանոցից, ապա հավելեց․

«Փառք տիրոջը, լավ եմ․․․ Ես իմ ֆեյսբուքյան էջում էլ եմ ողջունել հայ ազգին և գրել՝ Աստծո կամոք ողջ եմ… Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս»։

Ռադիկ Օղիկյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել էին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 32 տարեկան Սամվել Գագիկի Ալավերդյանը: Ինտենսիվ կրակոցները շարունակվել էին նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Հուլիսի 19-ին ևս ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Հակառակորդը երեկ՝ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, կրկին հրադադարը խախտել  էր հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս