Մանվել Փարամազյանի պաշտպանները լքեցին դատարանի դահլիճը. Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չի հայտնի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի պաշտպանների՝ դատարանի ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին փոխանցեց Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Բնականաբար, մերժեց: Մենք էլ, իհարկե, դուրս եկանք դատարանի դահլիճից, ինքը հայտարարեց, որ թույլ չի տալիս մեզ դուրս գալ դատարանի դահլիճից: Բնականաբար, մենք դուրս եկանք դատարանի դահլիճից՝ անիմաստ համարելով ընդհանրապես այս ձևականություններին մասնակցել»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր էր մեկնարկել Քաջարանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը, և Փարամազյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ պայմանավորված բողոքի քննության՝ հենց Արմեն Դանիելյանին մակագրելու եղանակով:

Փաստաբանները նաև հայտնել էին, որ եթե Դանիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժի, իրենք դատական նիստերին չեն մասնակցելու:

Տեսանյութեր

Լրահոս