«Ստեղծված լարված իրավիճակի պատճառով ընկերությունը որոշում էր կայացրել տարհանել աշխատակիցներին». «Գեոպրոմայնինգ Գոլդ»
Ինչպես առավոտյան հայտնել էր 168.am-ը՝ այս գիշեր կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի հատվածում։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ «հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»: ՊՆ-ն նաև հայտնել էր, որ հայկական կողմում տուժածներ չկա:
«Սահմանի մի մասն անցնում է Սոթքի հանքավայրի տարածքով: Այս գիշեր Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, ու ստեղծված լարված իրավիճակի պատճառով ընկերությունը որոշում էր կայացրել տարհանել աշխատակիցներին, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը: Եվ այդ հերթապահությանը աշխատում էր 150 մարդ, կազմակերպեցինք, որպեսզի իրենք լքեն հանքի տարածքը և ժամանակավոր՝ մի ժամանակահատվածում, հանքավայրը դադարեցրեց իր աշխատանքը:
Տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, և առավոտյան հանքը վերսկսել է աշխատանքը բնականոն հունով»,- 168.am-ին հայտնեցին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից:
Հիշեցնենք նաև, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ էին մտել Սոթքի հանքի տարածք, այնտեղ տեղակայվել, ու այդ պահից սկսած հանքավայրը մասամբ է շահագործվում: