«Երկիրը սարքել են եսիմինչ, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում, ԱԱԾ է ուղարկում»․ գորիսեցիները պահանջում են ազատ արձակել Առուշ Առուշանյանին

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այս պահին բնակիչները ստորագրահավաք են անցկացնում՝  պահանջելով ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

«Ես չեմ հասկանում իրեն կալանավորելու պատճառը։ Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզից կլինի՝ Առուշ Առուշանյանը, կլինեն մյուս համայնքապետերը, կլինեմ ե՛ս, ով հակա կխոսի այս իշխանությանը՝ բոլորին կկալանավորեն, պատճառը ո՞րն է։ Մեր երկիրը սարքել են եսիմինչ, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում, ինքն ԱԱԾ է ուղարկում տվյալ մարդկանց տուն, թող մեր տուն էլ ուղարկեն․․․»,- ասաց գորիսեցի մի կին։

Նա միտում է տեսնում Սյունիքի բոլոր համայնքապետերին կալանավորելու մեջ․

«Ամբողջ Սյունիքի համայնքին քիչ-քիչ հավաքում են, որ իրենց ուզածն անե՞ն, մենք ի՞նչ անենք։ Ես գիտեմ, թե մեր երկրում ինչ է կատարվում, բայց Առուշ Առուշանյանին կալանավորելու պատճառը ոչ ոք չի հասկանում․․․»։

Նշենք, որ Սյունիքի մարզի համայնքապետերին ազատ արձակելու պահանջով այս պահին նաև Երևանում՝ Հյուսիսային պողոտայում է ստորագրահավաք իրականացվում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հուլիսի 16-ին բավարարել է ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 15-ին բավարարել էր Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունից, ինչից հետո Առուշ Առուշանյանը հրավիրվել էր ՀՔԾ: Հենց ՀՔԾ մուտքի մոտ Առուշանյանի մասնակցությամբ հերթական նկարահանումն էր բեմադրվել՝ Առուշանյանին պառկեցրել էին գետնին, ձեռքերը ոլորել էին և ստեղծել էին բերման ենթարկելու իմիտացիա:

Առուշանյանը ՀՔԾ-ից դուրս գալուց իր մասնակցությամբ նկարահանումները մանկապարտեզի, անիմաստ բան էր որակել:

«Մանկապարտեզի ինչ-որ բաներ են անում, անիմաստ ինչ-որ… բառեր չեմ գտնում մեկնաբանելու. ուղղակի եղել է այն, ինչ եղել է»,- ասել էր Առուշանյանը:

ՀՔԾ-ում երեկ մեղադրանք էր առաջադրվել Առուշանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս