Բաժիններ՝

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ համերգ կնվիրվի Հարություն Թոփիկյանի 70-ամյակին

Խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի 70-ամյակը նրա արվեստի երկրպագուները կտոնեն համերգային ծրագրով: Հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործությունները:

1996 թվականին Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թվականին ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Հայ երգչախմբային արվեստի երախտավոր Հարություն Թոփիկյանը կյանքից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս