«Գեղամ Նազարյանը մարտնչում է հայրենիքի գաղափարի համար․․․ եթե ծնողն ըմբոստանում է, ուրեմն՝ պատասխան ունի ստանալու». Մանուշակ Ստեփանյան

Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Աբգար Նազարյանի հայրը։

Որոշ ժամանակ ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո, Գեղամ Նազարյանին բաց էին թողել: Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն բերման ենթարկելու պատճառը չգիտի։

«Իհարկե, չիմացա պատճառը: Ես քայլում էի, ու հետևիցս լսում եմ վազքի ձայներ, մտածում եմ՝ ինչ-որ մարդիկ են վազում, մտքովս չի անցնում, որ իմ հետևից վազքով կմոտենան։ Ու հետո նկատում եմ 3-4 ոստիկան, բռնում են ձեռքերիցս, գլխիցս, ու մեկն ասում է՝ անպայման գլուխը խփեք ասֆալտին, անպայման գլուխը ասֆալտին խփեք։ Խաբվեցին, որ կարող են տենց խփել, փորձում էին, չէին կարողանում տեղաշարժել, հրաման էին տալիս, որ ո՛չ, անպայման գլուխը խփեք գետնին․․․ ինչի՞ եմ դա շեշտում, որ այս վարչախմբիկի էությունը, թուլությունը նկարագրեմ, թե նրանք ով են:

Վերջում ստեղծվեց մի իրավիճակ, որ ես պետք է ընտրեի՝ կա՛մ ձեռքս կոտրեին, կա՛մ ես ինձ գցեի գետնին, ես նախընտրեցի, վնասվածք չստանալու համար, ինքս ինձ գցել գետնին, որից հետո մի 20 հոգով ընկան թև ու ոտք, տեղափոխեցին իրենց մեքենան ու բերեցին Մաշտոցի բաժին»,- ասել էր Գ. Նազարյանը։

168.am-ի հետ զրույցում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանն անդրադառնալով Գեղամ Նազարյանին բերման ենթարկելուն, նկատեց՝ հայ իրականության մեջ սա շատ վատ երևույթ է։

«Այսօր մեզ մոտ չի մնացել որևէ կայուն արժեհամակարգ, դրա համար էլ այս արատավոր երևույթներին մարդու իրավունքներով զբաղվող հ/կ-ները չեն արձագանքում, արժեհամակարգի բացակայությունն է նաև այսօր այս երևույթների պատճառը։ Եթե ծնողն ըմբոստանում է, ուրեմն՝ պատասխան ունի ստանալու, չէ՞։ Իմ զարմիկն էլ է զոհվել, զոհվել է 44-օրյա պատերազմից հետո, դեկտեմբերի 27-ին, այն տանը, որտեղ 6 հոգի զոհվեցին, նրանցից մեկն իմ զարմիկն էր։ Կապիտուլյացիան ստորագրվել է նոյեմբերի 9-ին, բայց նա զոհվում է դեկտեմբերի 27-ին։ Այսինքն՝ մեզ մոտ մարդը պաշտպանված չէ։ Հիմա նույնիսկ ազատ խոսքի իրավունք չկա, ով մի կարծիք է հայտնում, բերման է ենթարկվում։ Որդեկորույս ծնողին մենք ասելիք ունենք, ոչ թե բերման ենթարկելու իրավունք»,- նշեց Մանուշակ Ստեփանյանը։

Ըստ նրա, բերման ենթարկելու փոխարեն՝ պետք է որդեկորույս ծնողի բարձրացրած «ինչու»-ի պատասխանը տան։ Ավելին՝ յուրաքանչյուր քննադատության շուրջ իշխանությունը պետք է նստի և մտածի, որովհետև եթե ժողովրդի իշխանություն է, ինչպես իրենք են ասում, ուրեմն՝ պետք է մտածի բոլոր քննադատությունների շուրջ։

«Այս իշխանությունը հո ՔՊ-ի իշխանությո՞ւնը չէ, այն ամբողջ ժողովրդի իշխանությունն է, ուրեմն՝ պետք է հաշվի նստեն ողջ ժողովրդի կարծիքի հետ։ Եթե այսպես չանեն, ապա մենք կնստենք ոչ թե կոտրած, այլ չեղած տաշտակի առջև։ Ասում են՝ ամեն ինչ հանուն հայրենիքի են անում, բայց այսօր չգիտենք էլ՝ հայրենիք ունե՞նք, թե՞ չունենք։ Երբ մարդը մի խելոք միտք է ասում, տարբեր կողմերից սկսում են նրան քննադատել, մի բան ես ասում, սկսում են քննադատել, թե՝ կա՛մ քոչարյանական է, կա՛մ փաշինյանական, բա հայրենի՞քը, ես հայրենիքական եմ։ Անհատի պաշտամունքից պետք է դուրս գանք։ Նույն Գեղամ Նազարյանը մարտնչում է հայրենիքի գաղափարի համար, որովհետև ինքն այդ հայրենիքի համար զավակ է կորցրել, և զավակ կորցրած յուրաքանչյուր ծնողի առջև մենք պատասխանատու ենք։ Այդ ծնողն ինչ էլ անի՝ մենք արդարանալու որևէ բան չունենք։ Ես միշտ ասել եմ, որ զոհվածի ծնողը մեր երկրում ամենաշատ իրավունքները պետք է ունենա, եթե նույնիսկ սխալ է, պետո է նրա հետ հաշվի նստել»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս