«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը». Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ:
«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը: Այս համատեքստում անհրաժեշտ է վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդաշնակեցնել լիազոր մարմինների աշխատանքները և բարձրացնել վերահսկողության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարն, ըստ ուղղությունների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:
Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը հանձնարարել է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ոլորտում առկա խնդիրները և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: