«Սա քամու նման բան է՝ կգա-կանցնի, ու ժամանակի հետ ամեն ինչ կկարգավորվի՝ չեմ կարծում, որ  որևէ մեկը որևէ լուրջ սխալ է թույլ տվել». Ներսես Շադունց

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, թեև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ, որի անդամներից շատերին այս օրերին բերման են ենթարկում, սակայն չի բացառում, որ նմանատիպ գործողություն նաև իր նկատմամբ լինի, օրինակ՝ ձերբակալեն։

«Ինքս որևէ անօրինական զենք չունեմ մեր տանը կամ համայնքապետարանում, որպեսզի ինչ-որ մեկը գա մտնի ու ասի՝ ձերբակալում ենք, զենքերն անօրինական են, իհարկե, չեմ բացառում, որ կարող են ձերբակալել։ Սակայն, վերջին հաշվով, իրավական դաշտում այդ հարցերը կլուծվի, կպարզաբանեն։ Չեմ կարծում, որ որևէ մեկը վստահ է, որ Սուրեն Օհանջանյանը կարող է այդ ամենի համար դատապարտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Շադունցը։

Ինչ վերաբերում է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալմանը, Ներսես Շադունցն ասաց, որ ժամանակին, երբ աշխատում էր մարզպետարանում, Լուսինե Ավետյանը դոնոր կազմակերպությունների հետ բազմաթիվ ծագրեր է իրականացրել իր գյուղի համար։

«Ինքս հպարտանում ու ուրախանում էի՝ այդ ամենը տեսնելով, որ լինելով կինարմատ՝ դոնոր կազմակերպությունների մոտ վստահելի գործընկերոջ կարգավիճակ էր ձեռք բերել և գյուղի համար այդքան մեծ ծրագրեր է իրականացնում։ Այդքան որ գրում են, թե ինչ-որ սխալներ են թույլ տվել, չեմ կարծում, որ Լուսինեն այդքան միամիտ մարդ է, որ սխալներ կարող էր թույլ տալ։ Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի, կարծում եմ՝ նորմալ կլինի, սա քամու նման բան է՝ կգա-կանցնի ու ժամանակի հետ ամեն ինչ կկարգավորվի։ Չեմ կարծում, որ  որևէ մեկը որևէ լուրջ սխալ է թույլ տվել»,- հավելեց Ն. Շադունցը։

Նա նաև ընդգծեց, որ սատարել է «Պատիվ ունեմ» դաշինքին, քանի որ Սերժ Սարգսյանի հետ, նրա աշխատած տարիներին բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել։

«Ես չէի կարող որևէ այլ ուժի կողքին կանգնել, որովհետև ես առհասարակ ճամբարափոխ չեմ եղել, ինձ դրա համար որևէ մեկը չէր հարգի»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Տեղ համայնքում տիրող ընդհանուր իրավիճակին, համայնքապետն ասաց, որ այս պահին ամեն ինչ հանգիստ է, բնակիչները բերքահավաքով են զբաղված։

«Անձամբ ես այս պահին զբաղվում եմ ցորենի բերքի հավաքագրման գործով։ Իսկ սահմանին մոտ տարածքներում այդպիսի լուրջ խնդիրներ չկան։ Շփվում ենք, հակառակորդն էլ է գալիս, մենք էլ ենք մոտ գնում, հարցերը լուծում ենք։ Օրինակ՝ այսօր բնակիչներից մեկը ներկայացրեց, որ իր ձին անցել է սահմանը, հիմա ռուս սահմանապահներին տեղեկացրել եմ, հանդիպել եմ նրանց հետ, կփորձենք ճշտել, եթե ձին այնտեղ է, հետ բերենք, որովհետև մեր համայնքում անասունների հետ կապված հարցերը մինչև այս պահը կարողացել ենք կարգավորել, տեսնենք՝ այս անգա՞մ ինչպես կստացվի»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ձերբակալվել է Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, իսկ դրանից առաջ՝ Քարահունջ համայնքի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նրանք կասկածվում են ընտրություններին ընդառաջ բնակիչներին կաշառք տալու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս