Բաժիններ՝

Պայծառակերպությունն ավետարաններում

Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևոր դրվագներից է։ Այն ամբողջացնում է փրկագործության խորհուրդը, քանի որ խորհրդաբանորեն վեր է հանում Հիսուսի Երկրորդ գալուստը։ Պայծառակերպությունը նկարագրված է համատեսական Ավետարաններում (Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 1-12, Ղուկ. Թ 28-36) և հիշատակված է Պետրոս Առաքյալի ընդհանրական Բ թղթում (Ա 16-18): Ուշագրավ է, որ Հովհաննեսի Ավետարանում այն բացակայում է, քանի որ նա երեք առաքյալներից մեկն էր, ով ներկա է եղել Պայծառակերպությանը: Բացի այդ, Հովհաննեսի Ավետարանն աստվածաբանական ուղղվածություն ունի, և գրության նպատակներից են եղել՝ ա) ցույց տալ Հիսուսի Մեսիա լինելը (Հովհ. Ի 21), բ) պատասխան տալ այն աղանդներին, որոնք երկվության տակ էին դնում Հիսուսի աստվածությունը, գ) պայքարել գնոստիցիզմի դեմ, որը մերժում էր Երկրորդ գալուստը, մարմինների հարությունը և այլն:

Ժամանակագրորեն հաջորդած լինելով համատեսական Ավետարաններին` Հովհաննեսը ծանոթ է եղել դրանց և նպատակ է ունեցել գրել վերջիններից տարբերվող Ավետարան` ներառելով մյուսներից դուրս մնացած ճառերը, քարոզները, Հիսուսի աստվածությանն առնչվող դրվագները։ Այդպիսիք են՝ Զատկի տոնին Նիկոդեմոսի հետ ունեցած Մկրտության (Հովհ. Գ 1-21), Փուրիմի տոնին` Հոր հետ ունեցած իր հարաբերության (Հովհ. Ե 19-30), Տաղավարաց տոնին` Հիսուս` որպես Կենդանի ջրի աղբյուր լինելու մասին զրույցները (Հովհ. Է 37-39), «Հիսուս՝ լույսն աշխարհի» հատվածը (Հովհ. Ը 12-20), ինչպես նաև Նավակատիքի տոնին հրեաների հետ զրույցը (Հովհ. Ժ 22-37), Հիսուս` որպես Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք (Հովհ. ԺԴ 1-13), «Եւ Բանն մարմին եղեւ» (Հովհ. Ա 1-18) մեկնաբանությունները:

Պայծառակերպությանը նախորդում են մի քանի դրվագներ, որոնք, կարծես, աշակերտներին նախապատրաստում են աստվածային այդ հայտնությանը: Այսպես. «Ճշմարիտ դավանությունը» (Մատթ. ԺԶ 13-20, Մարկ. Ը 27-30, Ղուկ. Թ 18-21) հատվածում Հիսուս կամենում է իմանալ, թե ժողովուրդը և աշակերտները գիտակցո՞ւմ են Իր` Աստծու Որդի լինելը: «Հիսուսի կանխասացությունն իր մահվան և հարության մասին» դրվագում (Մատթ. ԺԶ 21-23, Ղուկ. Թ 22-27), երբ Հիսուս աշակերտներին հայտնում է Երուսաղեմում Իր գալիք չարչարանքների, մահվան և հարության մասին, Պետրոսը տրտմում է (Մատթ. ԺԶ 22-23): Հիսուս Պետրոսին հանդիմանում է, քանի որ դրանով նա կասկածի տակ է առնում Իր աստվածությունը: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած Իր արքայությամբ» (Մատթ. ԺԶ 28, Մարկ. Ը 39, Ղուկ. Թ 27) հատվածը մեկնիչները դիտարկում են որպես Պայծառակերպությունը տեսնելուն նախապատրաստող հիմնական անցք՝ նշելով, որ «ոմանք»-ը վերաբերվում է Պայծառակեպությանը ներկա աշակերտներին:

Պայծառակերպությունը մեկնել են Ը-ԺԹ դարերի Հայոց Եկեղեցու հայրերը՝ Ստեփանոս Սյունեցին, Սարգիս Կունդը, Իգնատիոս Սևլեռնցին, Հովհաննես Երզնկացին, Բարսեղ Մաշկևորցին, Գրիգոր Տաթևացին, Մխիթար Սեբաստացին, Գրիգոր Կարնեցին, Աբրահամ Կոստանդնուպոլսեցին:

Մեկնիչները հիմնականում քննել են հետևյալ դրվագները.Փիլիպպեան Կեսարիայից դուրս գալուց վեց կամ ութ օր հետո Հիսուսի` աշակերտների հետ լեռը բարձրանալու հարցն այլաբանորեն քննելիս այդ օրերը համեմատվել են Առաջին և Երկրորդ գալուստների հետ: Ոմանք վեցը համարում են միջանկյալ օրեր մինչև Պայծառակերպությունը, Հիսուսի` աշակերտներին ուղղված հարցման` «Ով եմ ես» (Մատթ․ ԺԶ 13-14), Պետրոսի դավանության՝ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ․ ԺԶ 15-17) և Պայծառակերպության միջև, իսկ ութը` այդ երկու օրերը ներառյալ:

Պայծառակերպությանը երեք առաքյալների ներկայությունը բացատրվում է նրանց՝ տասներկու առաքյալների մեջ առանձնաշնորհյալ եռյակ լինելու հանգամանքով. երեքը միասին ներկա են եղել նաև Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ. Ե 35-42, Ղուկ. Ը 40-55), Գեթսեմանիի աղոթքին (Մատթ. ԻԶ 36-46, Մարկ. ԺԴ 32-42): Առաքելական եռյակի առանձնաշնորհյալ լինելը վկայում է նաև Պողոս առաքյալը. «Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներն էին համարվում» (Գաղ. Բ 8): Տասներկուսից երեքին ընտրելու մյուս կարևոր պատճառն այն էր, որ Հուդան արժանի չէր աստվածային տեսությանը, իսկ եթե Տերը տասնմեկին բարձրացներ և միայն Հուդային թողներ, ապա նրա մատնիչ լինելը հետագայում գուցե արդարացվեր:

Մարգարեներից Մովսեսի և Եղիայի ներկայությունը կապվում է այն բանի հետ, որ Հիսուսի` փրկագործական առաքելությունը ողջերին (ի դեմս Եղիայի) և մահացածներին (ի դեմս Մովսեսի) է վերաբերվելու: Մովսեսը, որպես օրենսդիր, իսկ Եղիան, որպես օրենքի նախանձախնդիր, իրենց ներկայությամբ հավաստում էին, որ Հիսուս չի մերժում Հին օրենքը, այլ հավասարապես Տեր է Հին և Նոր օրենքներին: Առաքյալների և մարգարեների ներկայությունը խորհրդանշում է Հին օրենքի լրումը և Նորի սկիզբը: Շատերը Հիսուսին նույնացնում էին Եղիայի հետ կամ կարծում էին, որ Նա մարգարեներից մեկն է, ուստի Եղիային է բերում՝ ցույց տալու համար, որ Եղիան չէ:

Ըստ մեկնիչների` Հիսուս ցույց է տալիս Իր աստվածությունը, որպեսզի երբ խաչի վրա չարչարվի, աշակերտները չգայթակղվեն` մտածելով, որ եթե Աստված է և Աստծու Որդի, ապա ինչու է չարչարանքներ կրում` Իրեն ազատելու փոխարեն։ Այլ պետք է հասկանան, որ փառքն ի սկզբանե ուներ, և ոչ թե չարչարանքների գնով ձեռք բերեց։ Չարչարանքները ոչ թե հարկադրաբար է կրում, այլ` կամավոր` հանուն մարդու մեղքից ազատագրման:

Պայծառակերպությունը դիտարկվում է նաև որպես առաջին եկեղեցու սկզբնա-վորում. որպես այդպիսին՝ մեկնիչները համարում են Պետրոսի` երեք տաղավարներ շինելու մասին առաջարկը: Հետագայում Պայծառակերպության վայրում երեք եկեղեցի է կառուցվում։

Ըստ Եկեղեցու հայրերի` Պայծառակերպությունը բարձրագույն հայտնությունն է մինչև Տիրոջ Հարություն, և իր մեջ խտացնում է մարդկային փրկաբանական անցյալը (Հին Կտակարան), ներկան (Նոր Կտակարան) և ապագան (Երկրորդ գալուստ):

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս